ՔՊ պատգամավորի և լրագրողի միջև վիճաբանություն սկսեց․ Սիմոնյանը ՊՊԾ աշխատակիցներին հանձնարարեց լրագրողին դուրս հանել ԱԺ-ից
17:43 - 15 սեպտեմբերի, 2022

ՔՊ պատգամավորի և լրագրողի միջև վիճաբանություն սկսեց․ Սիմոնյանը ՊՊԾ աշխատակիցներին հանձնարարեց լրագրողին դուրս հանել ԱԺ-ից

Ազգային ժողովում այսօր վիճաբանություն է սկսվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև։

Վիճաբանությունը տեղի է ունեցել ՍԴ դատավորների փակ գաղտնի քվեարկության ընթացքում։ Վիճաբանության ընթացքում Քրիստինե Պողոսյանը փորձեց հարվածել լրագրողին, սակայն գործընկերները վերջինիս հեռացրին տարածքից։
Քիչ հետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական պահպանության  ծառայության աշխատակիցներին հանձնարարեց ԱԺ շենքից դուրս հանել Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին։ Անի Գևորգյանը պնդեց ցույց տալ ԱԺ շենքից իրեն հանելու իրավական հիմքերը, սակայն աշխատակիցները  հեռացրին նրան։ Վիճաբանություն սկսեց նաև ՊՊԾ աշխատակիցների և օպերատորների միջև։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, ասաց, որ չի պատրաստվում պատգամավորի վարքագիծը քննության առարկա դարձնել․ «Ես վարվել եմ ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթներին համապատասխան, որով Ազգային ժողովի գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի, և այն, ինչ արվել է Հաշվիչ հանձնախմբի անդամի նկատմամբ, խաթարել է հանձնախմբի աշխատանքը, և հաշվիչ հանձնախմբի անդամը ստիպված է եղել լքել և փոխարինվել այլ անդամով։ Դա ի՞նչ է, եթե ոչ գործունեությունը խաթարել։ Կոնկրետ այդ լրագրողները վաղուց էին սպառել իրենց վարվելակերպի և խոսելաոճի լիմիտը, և իրենց շատ վատ էին դրսևորում, պատգամավորներին վիրավորում էին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել