Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին


 |armenpress.am|
13:31 - 16 սեպտեմբերի, 2022

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է, որ Հայաստանը մշտապես պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին: Օհանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային:

Նա նախ ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ձեռնարկել է հերթական սադրանքը՝ հարձակվողական գործողությունների ձևով, և «Հայաստան» խմբակցությունն ու իրենց բոլոր գաղափարակից ընկերներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈՒ-ին:

«Այս ամենն արդյունք է նրա, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է օղակը սեղմել ՀՀ-ի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը և ինչպես իրենց են ասում «Սյունիքի միջանցքի» բացմանը»,-ասաց Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանի սադրանքները, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները, խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները բավարար չափով չեն դատապարտվել:

«Բայց ամենակարևոր պատճառներից մեկն էլ նա է, որ այսպիսի սադրանքներին մենք մշտապես պետք է պատրաստ լինենք: Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,-ասաց Օհանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները, իմանալով իրավիճակը, պարտավոր էին ԶՈՒ-ն, հասարակությանը նախապատրաստել: 

«Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, դիրքային փոփոխությունները, ճշտել գերիների, անհետ, կորածների քանակը, պատշաճ կերպով ներկայացնել հանրությանը, թոթափել բոլոր մտահոգությունները: Եվ պետք է միջոցներ ձեռնարկեն, որ Հայաստանը հաջորդ այսպիսի սադրանքներին կարողանա պատրաստ լինել»,-եզրափակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել