«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան
00:41 - 17 սեպտեմբերի, 2022

«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես ասած, շարունակվում են, քննարկվում են, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրադրությունը ԳՇ պետի հայտարարություններից հետո քիչ փոփոխության է ենթարկվել։ Հարձակումների մեծ մասը եղել է դիրքային, եւ հիմնական մարտերը տեղի են ունեցել դիրքային մասերում, եւ ի պատիվ մեր բանակի, ի պատիվ մեր զինվորականների՝ շատ թեժ մարտեր են եղել, մեր զինվորները բավականին մեծ դիմադրություն են ցուցաբերել, եւ որոշ տեղերում հետ են գրավել դիրքերը, որոնք ենթարկվել էին հարձակման․ «Այս պահի դրությամբ կա ներթափանցած 1-2 խումբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են մի քանի տեղ, եւ փառք Աստծո, որեւիցե բնակավայր գրավված չէ, եւ որեւիցե բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է, տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ եւ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»,– ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միակ ռեալ կարիքը, որ այսօր բանակում կա, եւ կապված չէ մեր ցանկության կամ գործելաոճի հետ, զենքի կարիքն է, որովհետեւ զենքն այն բանն է, որի կարիքը անընդմեջ ստեղծվում է, իսկ մնացած բոլոր կարիքները հոգալու առումով ՊՆ–ն ամեն ինչ անում է․ «Կառավարությունը որեւիցե գումարային խնդիր չունի, այսինքն՝ գումարի խնդիր չունենք, որը պետք է հատկացվի, եւ անհրաժեշտ պարագաները գնվեն։ Զենքի առումով տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, եւ չենք բավարարվում մեկ ուղղությունից զենքի հետ կապված լուծումներ տալու, այդ աշխատանքները անընդմեջ կատարվում են»։

Ըստ Սիմոնյանի՝ վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ–ն է․ «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ ՌԴ միջամտությունից»։ Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ ՀՀ այցին՝ Սիմոնյանն ասաց, որ նա Հայաստան է գալու իր հրավերով․ «Այնուամենայնիվ, դա քաղաքական աշխատանք է, մեր դեսպանի, մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը ՀՀ–ում գոյություն ունի, եւ ես շնորհակալ եմ Փելոսին, որ նա չչեղարկեց իր այցը, որովհետեւ ես այցի մասին գիտեի շատ ավելի վաղ։ Ասեմ, որ իր այցելությունը շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։

Անդրադառնալով ռազմական դրության հավանականությանը՝ նա ասաց․ «Մենք կարծում ենք, որ ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է որպես ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետեւ Ադրբեջանը իր գործողություններից առաջ մշտապես արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, որ ինչ–որ պրովոկացիա ենք արել»:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլեւս չենք կարող գնալ եւ չենք գնալու, եւ դրա մասին է մեր կռիվը, եւ դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլեւս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավելի»։

Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե հայտարարությունը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, որ մենք ոչինչ չենք զիջելու, եւ միջանցք չի լինելու, ընդդիմության կողմից գնահատվեց, որ «այ, ոչ մի խոսք չկար Արցախի մասին, եւ դուք պատրաստ եք Արցախը հանձնել», Ալեն Սիմոնյանը ասաց․ «Հիմա հարձակման է ենթարկվել ՀՀ–ն, Արցախի մասին ինչ խոսք կա, եւ ինչի մասին կարող ենք խոսել, գտնվում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Արցախի անվտանգությունը ապահովում են ՌԴ խաղաղապահները, եւ ՀՀ–ն ամեն ինչ անում է Արցախի համար եւ արցախցիների համար եւ անում է շատ ավելի շատ, քան երբեւիցե արվել է։ Բայց այսօր 29 800 կմ քառակուսին ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ես ու վարչապետը ներկայացնում ենք ՀՀ–ն։ Այսօր ՀՀ–ն հարձակման է ենթարկվել, եւ մենք խոսում ենք ՀՀ անվտանգությունը ապահովելու մասին»։

Խոսելով ՀԱՊԿ–ից ունեցած ակնկալիքների մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ իրենք շատ դժգոհ են, այն ակնկալիքները, որ կային, բնական է, չեն արդարացվում․ «Կապ ունենալով մեր ժողովրդի հետ եւ ներկայացնելով ՀՀ ժողովրդին՝ մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետեւություններ ենք անելու, անում ենք եւ արդեն արել ենք»։

Ըստ Սիմոնյանի՝ իրենք նաեւ ռուս գործընկերներից են ակնկալում են շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով․ «Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»։

Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ շատերը ասում են՝ Պուտինը չի սիրում ՀՀ գործող իշխանություններին, այլ սիրում է Ռոբերտ Քոչարյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գիտե՞ք՝ ինչ, եթե սիրում է, արդյո՞ք դա փոխում է այն բանը, որ մենք այսօր սպասում ենք ռազմական օգնության, եւ այդ օգնությունը չկա։ Սա աղջիկ ուզելու խոսակցություն չէ, որ մեկը մեկին սիրում է, կամ չէ։ Արդյո՞ք ՌԴ–ն շահեր ունի այստեղ թե՞ ոչ։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում կամ մեզ են սիրում։ Սիրելու մասին չէ այս խոսակցությունը։ Ուրիշ բան ասեմ․ եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, մենք հիմա հեռանանք։ Դա ընդհանրապես քննարկելու բան չէ, դա կեղծ, հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից եւ Վաշինգտոնից «դաբրո» ստանալու չունենք, ներողություն, բայց եթե բաց ենք խոսում, մեր չակերտավոր «դաբրոն» ՀՀ ժողովուրդն է»,– նշել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել