Իրանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ուզբեկստանի Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքն այն է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»:
Բերելով ճգնաժամի ժամանակ Իրանի՝ բարեկամներին և հարևաններին աջակցելու օրինակները՝ Իրանի նխագահը պարզաբանել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար։
Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Ռաիսին բացատրել է Իրանի ռազմավարական քաղաքականությունը՝ ողջունելու «Ղարաբաղի ազատագրումը և պատրաստակամությունը մասնակցելու դրա վերականգնմանը»։ Նա միաժամանակ ասել է, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։
Թուրքական կողմից հանդիպման մանրամասներ չեն ներկայացվում։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ էլ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։
comment.count (0)