Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Երևանում, Բաքվում և Վիեննայում կայացած հրատապ հանդիպումներից հետո։
«Բարդ ու երբեմն էմոցիոնալ քննարկումներ։ Դեռ շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունեմ՝ հրադադարը կպահպանվի։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին։
Անհանգստացնող հաղորդումներ են գալիս վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին: Անցյալի դեպքերին ևս պետք է անդրադառնալ, բայց ոչ մի կերպ դրանք չպետք է լինեն արդարացում: Մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները պետք է հետաքննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Կլաարը։
Տոյվո Կլաարը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է ամենաբարձր մակարդակով ներգրավված մնալ գործընթացում, և նպատակը շարունակում է լինել օգնելը Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին Ժոզեպ Բորելի խնդրանքով Տոկվո Կլաարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան։
Սեպտեմբերի 14-ին Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իսկ սեպտեմբերի 15-ին ԵՄ հատւկ ներկայացուցիչը Երևանում հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
comment.count (0)