ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|
15:45 - 19 սեպտեմբերի, 2022

ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:

Նա նշեց, որ այդ անձինք հաղորդակցության միջոցների խնդիրներ լինեն, երբեմն օնլայն հարթակներից չեն կարողանում օգտվել` տեղեկանալու, թե ինչ աջակցություն, կացարան և այլն կարող են ստանալ. «Օնլայն հարթակները շատ լավ է, որ կան, դրանք միգուցե մոտ 10 օր հետո ավելի շատ տեղեկատվություն կարողանան հավաքել, բայց այդ պահին անձանց համար օնլայն հարթակները հասանելի չեն, նաև ի թիվս այլնի հմտությունների բացակայության պատճառով»:

ՄԻՊ-ը Human rights watch-ին խնդրել է դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը։

Տարբեր պետությունների օմբուդսմենները չունեն այլ երկրի տարածքում փաստահավաք առաքելություն իրականացնելու լիազորություն, ասաց Մարդու իրավունքների պաշտպանը` ի պատասխան հարցի, թե արդյոք կարիքը կա՞, որ այլ երկրների պաշտպանները գան և տեղում ծանոթանան եռօրյա բախումների հետևանքները քաղաքացիական բնակչության համար:

«Մեր գործընկեր պաշտպանական հաստատությունների հետ մենք աշխատում ենք այլ բանի համար, մենք իրենց փոխանցում ենք ամբողջական տեղեկատվություն, արտահերթ զեկույցն ենք ուղարկել, պիտի հետևողական շարունակենք իրենց հետ աշխատել, որպեսզի հասնենք հայտարարությունների, որոնք կարվեն այդ ցանցերի կողմից, ոչ թե որ իրենք կգան: Բայց մոնիթորինգի տեսանկյունից սա շատ կարևոր ուղղություն է, որի համար արդեն աշխատում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Օրինակ` այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Human rights watch-ի հետ և իմ ներկայացրած փաստերի ուժով իրենց խնդրել եմ դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը», - տեղեկացրեց Գրիգորյանը:

Ինչ է ներառված արտահերթ զեկույցում

ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացրել: Ըստ կառույցի ղեկավարի` այնտեղ ներառված են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերը, զոհերի մարմինների նկատմամբ արգահատելի կտտանքները, վիրավորանքները, ատելության ամբողջ բառապաշարով ուղեկցող տեսանյութերը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասված վնասը, դրանց թիրախային խափանումը, բուժկետների, առնվազն երկու դպրոցի թիրախավորման դեպքերը:

«Արձանագրել ենք նաև լրագրողների թիրախավորում», - նշեց ՄԻ պաշտպանը:

«Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում»

Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում:

«Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով:

Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել»:

«Այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»

Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ

միջոցներ արդեն ձեռնարկել է:

«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:

Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:

Իսկ արդյոք այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով: ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել