news.am: Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:
Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանական ուժերը խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքը: Կարմիր բերետավորները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց: Դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց, «Եռաբլուրի» եկեղեցու հատվածում մնացել էին զոհված զինծառայողների մի քանի ծնողներ: Սակայն կրկին իրավիճակը լարվեց, ոստիկանները հանկարծակի սկսեցին բերման ենթարկել տարածքում մնացած զոհվածների ծնողներին: Նաեւ հրելով տարածքից հեռացրին լրագրողներին ու օպերատորներին՝ արգելելով տեսանկարահանել ու լուսանկարել:
Ավելի ուշ պանթեոն ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ֆինանսների նխարար Տիգրան Խաչատրյանը, արդարադատության նախարար Կարեն անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախգահ Սասուն Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորներ, մասնավորապես, Գուրգեն Արսենյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարիա Կարապետյանը:
Այստեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր կային, որոնք շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս, որեւէ մեկը մոտենա այդ տարածքին:
Պաշտոնյաների հեռանալուց հետո տարածքը լքեցին նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր։
comment.count (0)