Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին
11:38 - 21 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին

«Իմ ելույթի թեման Դոնբասում տիրող իրավիճակն է և «հատուկ ռազմական գործողության» (Ուկրաինայում պատերազմը ՌԴ-ն այսպես է անվանում- խմբ․) ընթացքը՝ այն ազատագրելու նեոնացիստական ​​ռեժիմից, որը Ուկրաինայում իշխանությունը զավթել էր 2014 թվականին զինված հեղաշրջման արդյունքում»։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի ժամանակ։

Նա ելույթի սկզբում, մասնավորապես նշեց․ «Ես այսօր դիմում եմ ձեզ՝ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, տարբեր սերնդի, տարիքի և ազգության մարդկանց, մեր մեծ հայրենիքի ժողովրդին, բոլոր նրանց, ում միավորում է պատմական մեծ Ռուսաստանը, զինվորներին և սպաներին, կամավորներին, որ այժմ կռվում են առաջնագծում, մարտական ​​դիրքում են, մեր եղբայրներին ու քույրերին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ- խմբ․), Խերսոնի և Զապորոժիեի շրջանների և նեոնացիստական ​​ռեժիմից ազատագրված այլ շրջանների բնակիչներին։

Խոսքը լինելու է Ռուսաստանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ, հրատապ քայլերի, սեփական ապագան որոշելու մեր հայրենակիցների ցանկության և կամքի սատարման ու արևմտյան էլիտաների մի մասի ագրեսիվ քաղաքականության մասին, որոնք ամբողջ ուժով ձգտում են պահպանել իրենց տիրապետությունը, և դրա համար փորձում են արգելափակել, ճնշել ինքնիշխան զարգացման ցանկացած կենտրոն, որպեսզի շարունակեն կոպտորեն պարտադրել իրենց կամքը այլ երկրներին և ժողովուրդներին, տարածել իրենց պսևդոարժեքները։

Այս Արեւմուտքի նպատակը մեր երկիրը թուլացնելն է, պառակտելն ու վերջիվերջո ոչնչացնելը։ Նրանք արդեն ուղղակիորեն ասում են, որ 1991 թվականին կարողացան պառակտել Խորհրդային Միությունը, իսկ հիմա եկել է հենց Ռուսաստանի ժամանակը, որ այն պետք է բաժանվի միմյանց հետ մահացու թշնամական հարաբերություն ունեցող շրջանների ու նահանգների։

Եվ նման ծրագրեր նրանք վաղուց են սկսել տարածել։ Նրանք խրախուսում էին միջազգային ահաբեկիչների խմբերին Կովկասում, նպաստում ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմաններին մոտ։ Նրանք իրենց զենքն են դարձրել տոտալ ռուսաֆոբիան՝ այդ թվում տասնամյակներ շարունակ նպատակաուղղված ատելություն սերմանելով Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Ուկրաինայում, որին նախապատրաստում էին՝ դարձնելու հակառուսական հենակետ, իսկ ուկրաինացի ժողովրդին վերածեցին թնդանոթի մսի և գցեցին պատերազմի մեջ մեր դեմ՝ անձազերծելով այն՝ այս պատերազմը, դեռ 2014 թվականին՝ օգտագործելով զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ, կազմակերպելով ցեղասպանություն, շրջափակում, տեռոր այն մարդկանց դեմ, որոնք հրաժարվեցին ճանաչել Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում իշխանության եկածներին։

Եվ այն բանից հետո, երբ Կիևի ներկայիս վարչակարգը փաստացի հրապարակավ հրաժարվեց Դոնբասի խնդրի խաղաղ լուծումից և, ավելին, հայտարարեց միջուկային զենքի մասին իր հավակնությունների մասին, միանգամայն պարզ դարձավ, որ նոր հաջորդ, ինչպես նախկինում երկու անգամ էր տեղի ունեցել, լայնածավալ հարձակումը Դոնբասի ուղղությամբ անխուսափելի է։ Եվ հետո, նույնքան անխուսափելի, հարձակում կլիներ ռուսական Ղրիմի վրա՝ Ռուսաստանի վրա։

Այս առումով կանխարգելիչ ռազմական գործողության մասին որոշումը միանգամայն անհրաժեշտ էր և միակ հնարավորը։ Նրա հիմնական նպատակները՝ Դոնբասի ողջ տարածքի ազատագրումը, եղել և մնում են անփոփոխ։

[Ինքնահռչակ] Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է նեոնացիստներից։ [Ինքնահռչակ] Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտերը շարունակվում են։ Այստեղ ութ տարի շարունակ Կիևի օկուպացիոն ռեժիմը ստեղծել է երկարաժամկետ ամրությունների խոր էշելոնացված գիծ: Նրանց ճակատային հարձակումը կհանգեցներ մեծ կորուստների, ուստի մեր ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների զորամասերը, գործում են համակարգված, գրագետ, օգտագործում են տեխնիկա, պաշտպանում անձնակազմը և քայլ առ քայլ ազատագրում Դոնեցկի հողը, նեոնացիստներից մաքրում են քաղաքներն ու ավանները, օգնում այն մարդկանց, որոնց Կիևի ռեժիմը դարձրել է պատանդ, կենդանի վահան:

Ինչպես գիտեք, հատուկ ռազմական ​​գործողությանը մասնակցում են պայմանագրով ծառայող պրոֆեսիոնալ զինծառայողները։ Նրանց հետ ուս ուսի կռվում են նաև կամավորական ջոկատները՝ տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարիքի մարդիկ, որոնք իսկական հայրենասերներ են։ Սրտի կանչով նրանք ելան ի պաշտպանություն Ռուսաստանի և Դոնբասի»։

Այնուհետև Պուտինը ասաց, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը։

Նշենք, որ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել որպես Դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս բոլոր տարածքներում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 27-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել