Որքան էլ անպատեհ թվա, պետք է գնանք ընտրության. Մանվել Փարամազյան
11:07 - 23 սեպտեմբերի, 2022

Որքան էլ անպատեհ թվա, պետք է գնանք ընտրության. Մանվել Փարամազյան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերի 25-ին Քաջարանում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Քաջարան համայնքի հերոսական ժողովուրդ, սեպտեմբերի 13-ին նենգ թշնամին կրկին ներխուժեց մեր երկիր՝ պատճառելով մեզ մեծ կորուստներ: Խորին ցավակցությունս՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած մեր հայորդիների ընտանիքներին, խոնարհումս հերոսածին հայ մայրերին:

Ես կրկին պատերազմի ընթացքում ականատես եղա մեր զինվորների անօրինակ հերոսականությանը: Բառերով անհնար է փոխանցել տեսածս, ապրածս ու զգացածս:

Մենք գիտենք, թե որքան թվացյալ ու  փխրուն էր ժամանակավոր խաղաղությունը: Արտաքին ու ներքին բազմաթիվ  գործոններով պայմանավորված՝ մեր գլխին դամոկլյան սրի պես կախված է բնաջնջման, հայրենիքը կորցնելու վտանգը: Ծայրահեղ հոռետեսությունն ու չափազանցված լավատեսությունը մեզ չեն օգնի: Ի՞նչ կարող ենք անել մենք այս իրավիճակում և ի՞նչ պետք է անենք: Գերտերությունների ծավալապաշտական նկրտումներին , մինչև ատամները զինված ոսոխին կարո՞ղ է  փոքրաթիվ, հալածված մի ժողովուրդ դեմ կանգնել:

Հավատացե'ք, պատմությունը վկա', կարող է: Իսկ ինչպե՞ս. միմիայն միասնության, համախմբման ճանապարհով. մեր ազգի գոյատևման կոդը, փրկությունը միասնության մեջ է: Սահմանին, թե' թիկունքում, պատերազմի ժամանակ, թե' խաղաղ օրերին, ընտրությունների կապակցությամբ, թե' համայնքաշինության գործընթացում ես չեմ դադարի քարոզել, համոզել, աղերսել, իմ ժողովուրդ, միասնություն, միասնություն, միասնություն:

Երբ մենք ազգովի դարձի գանք, հրաժարվենք արատավոր, ազգակործան բարքերից, կտեսնենք Աստծո հովանավորությունը մեր ազգին: Հավատացեք, մեզ պատուհասած  այս աղետալի վիճակից փրկության ելքեր կան, բայց պայմանը մեկն է՝ համախմբումը: Իսկ եթե համախմբվենք, արատավոր երևույթները ինքնին կվերանան մեր միջից, որովհետև համախմբվել` նշանակում է քո եսը խառնել համընդհանուր մենքին, համախմբվել նշանակում է քո անձը ուրանալ ու բարոյապես վեր բարձրանալ, համախմբվել նշանակում է քո շահը ստորադասել համընդհանուր շահին, համախմբվել նշանակում է քո տեսակետը ձուլել ազգային գաղափարախոսությանը, համախմբվել նշանակում է գիտակցել, որ  եթե հայրենիքդ կորցնես, կադաստրով ձեռք բերված տունդ էլ կկորցնես, համախմբվել նշանակում է հանուն հայրենիքի դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց և պատրաստ լինել նվիրաբերել հայրենիքին ամենաթանկը` տղամարդիկ զենքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցեն` բարեգործությունը, թիկունքային աշխատանքները վերապահեն կանանց ու երեխաներին:

Սիրելի ժողովուրդ, ոչ մի ազգ չի գա մեզ համար, մեր փոխարեն կռվելու, և հիշեք, եթե պատերազմ չեք ուզում, ուրեմն միշտ պետք է պատրաստ լինեք պատերազմի: Ուժեղի վրա չեն հարձակվում:

Քանդեք ձեր մտքի կապանքները, ձեր շահի ցանկապատերը, վանեք վախի, անմիաբանության ոգին, մերժեք ապազգային քարոզը, սիրեք իրար, ներեք ձեր անձնական թշնամիներին, ատեք ազգի թշնամիներին:

Սեպտեմբերի 25-ին Քաջարան համայնքում ՏԻՄ և ավագանու ընտրություններ են, որքան էլ անպատեհ թվա, պետք է գնանք ընտրության: Մենք կընտրենք ոչ թե պարզապես համայնքի ղեկավար և ավագանի` այլ կորոշենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:  Ինչպե՞ս, ի՞նչ թիմով, ի՞նչ գաղափարախոսությամբ:

Սեպտեմբերի 25-ին Քաջարանը կտա այս ուղենշային հարցերի պատասխանները:

Մենք ենք անցյալը, ներկան և ապագան, և մեր կամքը մեր լեռների պես ամուր է:

Դեպի միասնություն` հանուն Քաջարանի, հանուն մեր արժեքների, հանուն մեր լինելիության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել