«Անկախ դիտորդը» նոր խախտումներ է արձանագրել այսօր ընթացքող ՏԻՄ ընտրությունների ընթացքում։
Արձանագրված խախտումները ներկայացնում ենք ստորև․
Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին:
Ընտրությունները բավական «ակտիվ» են անցնում Ջրվեժում, որտեղ առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Չնայած նման «միանձնյա ընտրապայքարին», առաքելության դիտորդները մասնավորապես 29/03 և 29/04 ընտրատեղամասերի մոտ նկատել են մարդկանց կուտակումներ, ընտրողների՝ դեպի ընտրատեղամաս տեղափոխման և ուղղորդման դեպքեր:
Տաշիր խոշորացված համայնքի Սվերդլով բնակավայրի 25/09 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման դեպք․ տարեց կինը, նախքան քվեատուփի մեջ գցելը, ծրարից հանել և իր քվեաթերթիկը ցույց է տվել քվեասենյակում գտնվող երկու անձանց:
Տաշիրի 25/34 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պարբերաբար մոտենում և ցուցումներ է տալիս ընտրողներին ընտրության կարգի վերաբերյալ:
Չարենցավան խոշորացված համայնքի Ալափարս բնակավայրի 27/13 ընտրատեղամասում նկատվել են մի շարք խախտումներ:
Նախ, տեղամասում միաժամանակ ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու վստահված անձինք (թույլատրելի է մեկը): Ընտրողներից շատերը ընտրելուց հետո մոտենում էին այս անձանց։ Գրանցվել են բաց քվեարկության դեպքեր:Մի քանի քաղաքացիներ փորձել են նաև քվեաթերթիկներ դուրս բերել ընտրատեղամասից:
comment.count (0)