Հունաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Հունաստանի ԱԳ նախարար
 |civilnet.am|
16:22 - 27 սեպտեմբերի, 2022

Հունաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Հունաստանը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունները և աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում ՀՀ ԱԳՆ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

«Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը։ Դա իհարկե, վերբերում է մեր լավ գործընկեր Հայաստանին։ Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը։ Մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից։ Այս առումով կցանկանայի մեջբերել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքերը, որը երեկ ասաց՝ դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել ի հակադրություն խաղաղ բանակցությունների»,- նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նիկոս Դենդիասը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը․ «Մենք աջակցում ենք միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումներին։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, որը առաջարկում է նոր մոտեցում այս տարածաշրջանի նոր ապագայի համար։ Սակայն լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է նա։

Դենդիասի նաև հայտարարել է, որ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ։

«Թուրքիան, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից։ Հստակ ուղերձ եմ ուզում ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերագծել քարտեզները՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և մեր իրավունքները»,- նշել է Նիկոս Դենդիասը։

Հունաստանի արտգործնախարարն այսօր հանդիպումներ է անցկացնելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել