Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|
13:34 - 28 սեպտեմբերի, 2022

Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|

news.am: Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

««Մասնակի իշխանափոխություն» տերմինը ես կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզեցնել։ Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների կամ էլ խորհրդարանի ճանապարհով։ Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար»,- նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ուրիշ տարբերակ կարող է լինել հանրային այնպիսի ճնշման դեպքում, որը կպարտադրի մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ինչպես 2018 թվականին էր։

«Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը եւ պարտադրում մեծամասնությանն իրենց թեկնածուին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի։ Մենք տեսանք, որ դեռ չկա։ Կարող է վաղը լինել, այո՛։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ո՛չ ինձ կընտրեն, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ո՛չ էլ ռադիկալ ընդդիմությունից որեւէ մեկին մինչեւ չլինի հանրային ճնշում։ Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին։ Հանրային կոնսոլիդացիային պատրաստ մարդ պետք է ընտրվի։ Բայց այդ նախաձեռնությունն արդեն պետք է գա քաղաքական մեծամասնությունից, ոչ թե մեզնից, եթե իրենք հասկանում են այս վիճակի բարդության խորությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել