Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ստացվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ։
«Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների ճանապարհով տվյալներ են ձեռք բերվել ինչպես վերջինիս՝ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու, այնպես էլ՝ քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքներ ևս։
Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել:
Բացի այդ, օրենքով սահմանված կարգով կատարվել է նաև աշխատակազմի քարտուղարի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի՝ «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերտիվ-հետախուզական միջոցառումը, որի արդյունքում պարզվել է, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, հեռախոսազրույց են վարել՝ ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ ազդեցություն գործադրելու և այդ կերպ նրան «Զորավոր համայնք» դաշինքի օգտին նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու մասին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը»:
Նախաքննությունը շարունակվում է:
comment.count (0)