Արցախի քաղաքաշինության նախարարությունը նախարարի կնոջն ու եղբորը պատկանող ընկերության հետ 329 մլն դրամի պայմանագրեր է կնքել
13:10 - 03 հոկտեմբերի, 2022

Արցախի քաղաքաշինության նախարարությունը նախարարի կնոջն ու եղբորը պատկանող ընկերության հետ 329 մլն դրամի պայմանագրեր է կնքել

Արցախի քաղաքաշինության նախարարությունը նախարար Արամ Սարգսյանի կնոջն ու եղբորը պատկանող ընկերության հետ 2021 թվականին 329 մլն դրամի պայմանագրեր է կնքել։

«Արամե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25 տոկոսը պատկանում էր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախարար դառնալուց հետո Արամ Սարգսյանի 25 տոկոս բաժնեմասն անցել է կնոջը՝ Անուշ Օհանյանին։ Ներկայում ընկերության 50 տոկոսը պատկանում է նախարարի կնոջը, իսկ մյուս 50 տոկոսը՝ եղբորը։

2021 թվականին ընկերության հետ, ըստ Արցախի ֆինանսների նախարարության կայքում տեղադրած տեղեկությունների, Քաղաքաշինության նախարարությունը 329 մլն դրամի պայմանագրեր է կնքել, բոլորը՝ բանակցային ընթացակարգով։ Դրանք 8-ն են։ Ահա այդ պայմանագրերի հաշվետվությունները (հայտարարությունները)․

  1. Արցախի տարածքում ՌԴ խաղաղապահ զորքերի զորամասերում տրանսֆորմատորային ենթակայանների տեղադրում (46,7 մլն դրամ):
  2. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի արտաքին լուսավորության կառուցում (65 մլն դրամ):
  3. Արցախի օդանավակայանի տարածքում արտաքին լուսավորության կառուցում (2,8 մլն դրամ):
  4. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի արտաքին լուավորության ցանցի կառուցում (79,7 մլն դրամ):
  5. Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցում /1-ին փուլ/ (101,5 մլն դրամ):
  6. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու Համահայկական փողոցում 100 ԿՎ հզորության ենթակայանի տեղադրում (6,5 մլն դրամ):
  7. Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի լուսավորության ցանցի մոնտաժում (5,4 մլն դրամ):
  8. Նախարարությունը «Արամե» ընկերությունից գնել է 260 ԿՎՏ հզորությամբ գեներատոր (21,5 մլն դրամ):

Արցախի ֆինանսների նախարարությունում միայն կնքված պայմանագրերի մասին հայտարարություններն (հաշվետվությունները) են տեղադրված, իսկ պայմանագրի պատճենները չկան: Արցախի քաղաքաշինության նախարարար Արամ Սարգսյանին հարցմամբ խնդրել ենք տրամադրել «Արամե» ՍՊԸ հետ կնքված այդ 8 ծածկագրերով պայմանագրերի պատճենները: Քաղաքաշինության նախարարը պատասխանել է․ «ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից կնքված բոլոր պայմանագրերի հայտարարությունները (հաշվետվությունները), որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, հրապարակվում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կայքի պետական գնումների կայքում: Հաշվետվությունն իր մեջ ներառում է կնքված պայմանագրի հիմնական տեղեկությունները, իսկ կապալի պայմանագրի օրինակելի ձևը հաստատված է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (լիազոր մարմնի) համապատասխան հրամանով»:

Սա նշանակում է, որ բուն պայմանագիրը նախարարությունը հրաժարվում է տրամադրել։

Սրան հետևում է Արցախի քաղաքաշինության նախարարի սիրված պատճառաբանությունը՝ ծանրաբեռնվածությունը, որը նշվում է գրեթե բոլոր պատասխաններում, երբ հայցվող տեղեկատությունը չեն տրամադրում․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարության աշխատանքների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չենք կարող տրամադրել պայմանագրերի պատճենները»։

Մենք կապվեցինք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ ու հարցրինք, թե արդյո՞ք չկա շահերի բախում, երբ իր ղեկավարած գերատեսչությունը պայմանագրեր է կնքում իր ընտանիքին պատկանող  ընկերության հետ:

«Ընկերությունը տնօրեն ունի, ես ի՞նչ կապ ունեմ, զանգեք իրենց,- ասաց Արամ Սարգսյանը, ապա վստահեցրեց, որ այստեղ բացարձակապես շահերի բախում չկա։- Այս ընկերությունը ո՜ր թվականից աշխատանքներ է իրականացնում, հաջողակ ընկերություն է: Ընկերությունը ինձ հետ առնչություն չունի»:

Մենք նաև զրուցեցինք «Արամե» ընկերության տնօրեն, ընկերության 50 տոկոսի բաժնետեր Արսեն Սարգսյանի հետ: Նա, ինչպես արդեն վերևում նշել ենք, Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հարազատ եղբայրն է:

Ընկերության տնօրենն ասաց, որ «Արամեն» իրենց հայրն է ստեղծել 2006 թվականին։

«Ի սկզբանե, երբ հիմնարկը ստեղծվել է, հայրս է որոշել փայատերերին, ոչ թե ես: Դա հենց առաջին օրվանից, բնական է, իր զավակներին փայատեր է դարձրել: Ընկերությունը հիմնականում էներգետիկայով է զբաղվում, այնպես չէ, որ Արամը նախարար է դարձել, նոր են պայմանագրեր կնքվել մեր հիմնարկի հետ։ Բացառությամբ մի երկու տարիների՝ միշտ էլ պայամանագրեր ունեցել ենք»,- ասաց Արսեն Սարգսյանը։

Արսեն Սարգսյանը նաև նշեց, որ իրենց աշխատանքները շատ մեծ ծավալների չեն, այսօր Արցախում էներգետիկայով զբաղվող 6-7 ընկերություններ կան․ «Օրինակ, կան փողոցային [լուսավորության] ծրագրեր, որոնք հավասարաչափ բաժանված են մի քանի ընկերությունների միջև»։

Հարցին, թե այստեղ արդյո՞ք, շահերի բախում չկա, նախարարի եղբայրը հարցով պատասխանեց․ «Այսինքն, եթե եղբայրս նախարար է դարձել, ես պիտի հիմնարկը փակե՞մ: Կարող եք ասել շահերի բախում կա, որովհետև նախարարը իմ եղբայրն է, բայց եթե այդպես է, ապա ես իմ կյանքում ինչո՞վ պիտի զբաղվեմ․ շինարարականն եմ ավարտել, անգո՞րծ մնամ հիմա»։

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարության հետ կնքված պայմանագրերի ընթացակարգերին, նախարարի եղբայրն ասաց, որ պայմանագրեր կան՝ մրցույթով է շահել, իսկ որոշ դեպքերում, հրատապությունից ելնելով, «մեկ աղբյուրով են կնքել» (նկատի ունի մեկ անձից, ԼՂՀ օրենքը պետական գնումների մասին, հոդված 20․ «գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»

«Կոնկրետ Աղդամում ռուսի անցակետի լուսավորության պայմանագիրը մեկ աղբյուրով ենք կնքել: Հնարավոր է՝ Ճանկաթաղն էլ էր այդպիսին, արդեն չեմ հիշում հստակ, դա արել եմ 2020 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին:  Բայց մնացածը մրցակցային աշխատանքներ են եղել, ես խնդիր չունեմ»,- ասաց Արսեն Սարգյսանը՝ հավելելով, որ շատ հաճախ աշխատանքներ է իրականացնում խիստ սահամանամերձ վայրերում։  

Հայկ Ղազարյան

Լուսանկարը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել