Քաղաքաշինության կոմիտեում «Արարատցեմենտի» հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը
11:46 - 04 հոկտեմբերի, 2022

Քաղաքաշինության կոմիտեում «Արարատցեմենտի» հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը

Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 3-ին կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Արարատի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի և լաբորատորիայի վարիչ Զոյա Բալայանի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ներկայիս աննախադեպ ծավալների պայմաններում որակյալ ցեմենտի մեծ պահանջարկի ապահովման հարցերը: Խնդիրը եղել է նաև կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստի օրակարգում, որտեղ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները:

Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ խստագույնս հետևում են արտադրանքի որակի պահպանմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել որակի ստուգման նպատակով ցանկացած ժամանակ նաև արտադրությունում կատարել նմուշառում:

Հանդիպմանը քննարկվել են նաև գործարանի արտադրական հզորության, պահանջված ծավալների ապահովման և ցեմենտի մատակարարման հետ կապված հարցեր:

Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արտադրողների ուշադրությունը կրկին հրավիրել է որակի վերահսկողության և արտադրական հզորությունների հնարավոր մեծացման վրա:

Հանդիպմանը մասնակցել և շինարարների տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել