Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծը։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում տեղի են ունեցել միայն տեխնիկական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ 67 կողմ, 0 դեմ ձայնով ընդունել էր այս նախագիծը։
Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։
Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։
Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:
Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։
comment.count (0)