ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
«ԼՂ հիմնահարցը դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, հետևաբար, տարածաքային ամբողջականություն ասելով, մենք հասկանում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որոնցով ՀՀ-ն ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ պետություն»,- նշեց Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ Պրահյան հայտարարությունը փակում է խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին․
«Այո, գետնի վրա կարիք կա սահմանազատման ու սահմանագծման, բայց նաև Պրահյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ, կարծում եմ, սա ՀՀ-ի համար շատ կարևոր էր էս կետը արձանագրելը, սա ևս մեկ անգամ փակում է բոլոր խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին, որովհետև խոսքը գնում է ՀՀ տարածքային ամբողջականության այն սահմանների մասին և այն տարածքի մասին, որը նաև 1991թ․ Ալմաթայի հռչակագրով սահմանված է»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Գորիս-Կապան մայրուղին նշված սահմանների մեջ մտնում է, թե ոչ, պատասխանեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ սահմաններում»,- ասաց պատգամավորը։
comment.count (0)