Արարատի մարզում տեղի ունեցած խուլիգանության գործով կա 3 ձերբակալված անձ. ՔԿ
12:27 - 14 հոկտեմբերի, 2022

Արարատի մարզում տեղի ունեցած խուլիգանության գործով կա 3 ձերբակալված անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող  ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից  ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկի կանչով նշված վայր են ժամանել երկու անձ:  Մոտենալով երիտասարդներին՝ նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են:

Նախաքննության ընթացքում  կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի 3 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր, վերցվել է հիշյալ ռեստորանային համալիրի տարածքի տեսանկարահանող սարքերի հիշողության պահպանման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական վարույթի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց շրջանակը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել