Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան
10:32 - 15 հոկտեմբերի, 2022

Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը, որը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ պատգամավորի ելույթի ընթացքում ընդհատել է նրան ու ձայնի իրավունք տվել ադրբեջանցի պատգամավորին, որը փորձեց ասել, թե Մամիջանյանն իրավունք չունի խոսել հակամարտության մասին: 

Ադրբեջանցի պատգամավորի վարման կարգով ելույթից հետո խոսելու իրավունք տրվեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որն ընդգծեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է խոսել ցանկացած թեմայով՝ անկախ նրանից՝ դրանք քննարկվում են, թե ոչ։ Վարդանյանը նաև ասաց, որ նիստը նախագահողը իրավունք չունի ընդհատելու ելույթը, ու վարման կարգով ելույթները պետք է լինեն ելույթների միջև ընկած ժամանակահատվածում։

Պատգամավորի խոսքին արձագանքեց նախագահողը՝ նշելով, որ ինքը չի ընդհատել ելույթը, և որ անհրաժեշտ է, որ մյուս պատվիրակություններն էլ կարծիք հայտնեն թեմայի վերաբերյալ։ Նա կոչ արեց Մամիջանյանին շարունակելու ելույթը, ինչին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, նախագահողն իրավունք չունի ընդհատելու ելույթը, և Մամիջանյանը ոչ թե պետք է շարունակի, այլ պետք է նոր ելույթ սկսի ու շարունակի այն այնքան, որքան կցանկանա․ «Ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիայից չեք այս կոնտեքստում։ Դուք նախագահում եք այս նստաշրջանը, նախագահեք այն՝ պահպանելով չեզոքություն»։

Մամիջանյանը հայտնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը:

«Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով:

Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.
«Տիկնայք և պարոնայք,
Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:
Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։
ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին: 
Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:
Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:
Շնորհակալություն»,- իր էջում գրել է Մամիջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել