Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկական ոչնչացման մտադրությամբ. Էդգար Ղազարյան
 |news.am|
14:31 - 18 հոկտեմբերի, 2022

Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկական ոչնչացման մտադրությամբ. Էդգար Ղազարյան |news.am|

news.am: Բժիշկիներն ասում են՝ նորմալ է, կար են դրել գլխիս շրջանում, քանի որ վնասվածք կար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

«Հարվածների, սալջարդի տեղեր կան, բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա: Չնայած առաջարկեցին 1-2 օր հիվանդանոցում մնալ, բայց ես կարծում եմ՝ տանն ավելի հարմարավետ կլինի: Եթե անհրաժեշտ լինի կդիմեմ բժիշկների օգնությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով միջադեպին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել: Իրենք դարանակալել էին, ինձ սպասում էին: Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին: Վերադառնալուց նույնիսկ նկատեցի իրենց, որպես շենքի կամ բնակիչ կամ այցելու, բարեւեցի անցա: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Ակնհայտ, իրենց մտադրությունը նույնիսկ կարող էր սպանելը լինել, որովհետեւ ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Դրանից հետո իրենք գնացին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք:

Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»,-պատմեց Էդրար Ղազարյանը:

Նա հավելեց, որ հարձակվողները որեւէ պահանջ չեն ներկայացրել, որեւէ խոսք չեն ասել. «Ես վերջին շրջանում որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ, որեւէ մեկի հետ վեճ, վիճաբանություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ հիմնկանում «ֆեյք» պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչ այդ անցյալում ունեցել եմ վիրավորանք-սպառնալիք, դիմել եմ ոստիկանություն, քրեական գործեր են հարուցվել, հետո քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը հանելուց հետո կարճվել են: Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասաց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց, որ արդեն նախնական ցուցմունք տվել է տեղի ունեցածի մասին, հիմա էլ սպասում է, որ տան մոտ, դեպքի վայրում քննչական գործողություններ լինեն. «Ըստ իրենց տեղեկությունների՝ արդեն վարույթ է սկսվել: Կոնկրետ մեր շենքի մոտակայքում կան տեսանկարհանող սարքեր, հուսով եմ՝ կօգտվեն դրանցից: Այդ պահին աղբահանության ծառայության աշխատակիցներն էլ էին այնտեղ իրենց մեքենայով: Իրենք նաեւ ականատեսներ են: Միանգամից ինձ գցել են գետնին, ես չհասցրեցի իրենց տեսնել, ուշադրություն էլ չեմ դարձրել, որ փորձեմ իրենց վիզուալ ֆիքսել:

Երիտասարդներ էին, մոտ 30 տարեկան: Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ: Կարծում եմ՝ պատվիրել է, ինքը դժվար անձամբ դա աներ: Իրենք ակնհայտորեն եկել էին, իմ կարծիքով, սպանություն իրականացնելու։ Բարեբախտաբար, չի հաջողվել: Իրենց ագրեսիվության աստիճանը դրա մասին էր խոսում»,- ասաց Ղազարյանը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է նույն ակտիվությամբ պայքարել, նա արձագանքեց. «Չէ, մի քիչ ավելի կակտիվացնեմ, որովհետեւ այդպես թողնել չի կարելի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել