Դատարանը դատավոր  Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց
12:38 - 19 հոկտեմբերի, 2022

Դատարանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույն դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ կկալանավորվի։ Այս մասին հայտնել  է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
 
Ալեքսանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ։
 
Պաշտպանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․ 
 
«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։
 
Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱաԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
 
Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- գրել է պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա մեղադրվում է դատավորի կողմից լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել