Մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդանուր տնտեսական ցուցանիշների․ Փաշինյան
12:44 - 27 հոկտեմբերի, 2022

Մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդանուր տնտեսական ցուցանիշների․ Փաշինյան

Կառավարությունը այսօր բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով ֆինանսական միջոցներ տրամադրեց «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի համար։

Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։ 

Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

Ըստ ծրագրի՝  1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120  հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք և այլն) ձեռքբերման գների աճով։ 

2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1 միլիարդ 200 միլին ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1միլիարդ 225 միլիոն ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2 միլիարդ 425 միլիոն ՀՀ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրի քննարկման ընթացքում ասաց՝ ծրագիրն առաջին անգամ կիրառել ենք 2020 թ․-ին՝ Քովիդի ժամանակ․  «Իմաստը այն էր, որ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանք կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով։ Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվության հետ կապված պրոբլեմները մեծապես կախված են այն խնդրի հետ (միակ խնդիրը չէ, բայց կարևոր է), երբ մարդիկ ուղղակի, այսպես ասած, պատշաճ որակ չունեցող սերմեր են ցանում, ինչը բերքատվությունը պակասեցնում է։ Մենք որոշեցինք, որ եթե հավաստագրված սերմեր կամ որակյալ սերմեր ձեռք բերեն, և դրա հիմնավորումը լինի, այսպես ասած, սովորական և ոչ սովորական սերմերի գների միջև եղած տարբերությունը, Կառավարությունը փոխհատուցի, որպեսզի մարդիկ ծախսեն նույն գումարը,մնացած գումարը հատկացնի Կառավարությունը, որպեսզի նրանք գնեն որակյալ սերմեր»։ 

Փաշինյանը նշեց նաև՝ ի հեճուկս տնտեսական լավ ցուցանիշների,  գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դիմնամիկայի մեջ մնալ․ «2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0.7%-ի անկում ենք ունեցել և ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, բայց,մեծ հաշվով, տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, և 2022 թ․-ի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ունենք  14.1% աճ ունենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել