«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին
22:38 - 28 հոկտեմբերի, 2022

«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

#Կարճ ասած

  • Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթացավ «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով նախնական դատալսումների փուլը։ Գործով, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ համապատասխան բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։
  • Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը 5 միջնորդություն ներկայացրեց, որոնցից քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժեց, իսկ ՀՀ քննչական կոմիտեից եւ ԶՈՒ գլխավոր շտաբից նյութեր պահանջելու եւ գործին որպես ապացույց կցելու միջնորդությունների լուծումը հետաձգեց։
  • Գործին ապացույց կցելու միջնորդությամբ հանդես եկավ նաեւ անհետ կորած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը, որ դատարան էր եկել՝ շրջափակման միջից որդու գրած հաղորդագրության լուսապատճենը ձեռքին։ Նա մեկական օրինակ տրամադրեց պաշտպանական եւ մեղադրող կողմերին, որից հետո՝ նաեւ դատարանին, որպեսզի նրանք կարդան եւ իր խոսքով՝ զգան՝ ծնողն ինչ է զգում։ Դատարանը, ընթերցելով հաղորդագրությունը, այն կցեց գործի նյութերին։

#Մանրամասն

Հակակոռուպցիոն դատարանի Երեւանի նստավայրը երեկ սովորականից մարդաշատ էր․ նշանակված էր «Քիմիկների զորամաս»–ի գործով հերթական դատական նիստը։ Խոսքն այն քրեական գործի մասին է, որի շրջանակում քննության առարկա են դարձել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում  62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Քրեական գործով մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 56-ամյա գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), N զորամասի հրամանատար, 37-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։

Անդրանիկ Մակարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 375-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 376-րդ հոդվածի 3-րդ մաս, 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 314-րդ հոդվածի 1-ին մաս): 

Ըստ մեղադրանքի՝ Աբգարյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին Մակարյանից ստացել է անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, սակայն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, ինչն  անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ 

Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին անձնակազմի մի մասն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել։ Նման պայմաններում, ըստ մեղադրանքի, Մակարյանը, հանդիսանալով տվյալ մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, անձնակազմին տվել «Նահանջ» հրաման եւ վերադարձել Կապան քաղաք։

Դրանից բացի, Արսեն Աբգարյանն ու Սարգիս Կուլակչյանը մեղադրվում են ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ մարտական ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ, որն իրականացվել է Էլլադա Հարությունյանին ցուցում տալով, որպեսզի վերջինս նրան հրամանագրի իբրեւ թե զորամասի հիմնական կազմի մյուս զինծառայողների հետ մարտական գործողություններից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայող։

Չորս մեղադրյալներն ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Դատարանն արգելեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը

Քրեական գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն տուժող կողմի միջնորդությամբ հետագայում տեղափոխվել է Երեւան՝ հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը հարակից Արմավիրի մարզից են։ Նախորդ բոլոր նիստերը կա՛մ հետաձգվել են, կա՛մ ըստ էության չեն կայացել, ուստի դատարանը դեռեւս նախնական դատալսումների փուլում էր։ 

Նիստը նախագահում էր դատավոր Սարգիս Դադոյանը։ Վերջինս ամիսներ առաջ՝ 2022 թ․ օգոստոսին է նշանակվել դատավոր, մինչ այդ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ավագ քննիչ։

Լուսանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքը

Նիստի սկզբում դատավորը ճշտեց կողմերի դիրքորոշումը՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանման վերաբերյալ, որի դեմ պաշտպանների մի մասն առարկեց, մյուսը դիրքորոշում չհայտնեց՝ թողնելով դատարանի հայեցողությանը։ Մեղադրող կողմը եւս առարկեց՝ միաժամանակ դեմ չլինելով նիստի ձայնագրառմանն ու լուսաբանմանը։ Լսելով կողմերին՝ դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց այս փուլում արգելել նիստի տեսա եւ լուսանկարահանումը՝ նպատակահարմար չլինելու պատճառաբանությամբ (տուժողների իրավահաջորդների մասնակցությամբ լուսանկարները արվել են ընդմիջումներին՝ վերջիններիս համաձայնությամբ)։

Դատավորը նաեւ տեղեկացրեց, որ 2013-2014 թթ շուրջ 9 ամիս աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, քանի որ երկուսն էլ աշխատել են Ոստիկանության նույն բաժանմունքում, սակայն այդ հանգամանքը իրեն չի կաշկանդում գործի քննությունն իրականացնելու համար, ուստի դատարանը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։ Կողմերը եւս այդպիսի հիմքեր չտեսան, եւ դատարանն անցավ միջնորդությունների քննարկմանը։ Տուժողի իրավահաջորդ Հրաչյա Ալեքսանյանը մեկ, իսկ մեղադրյալ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հինգ միջնորդություն ներկայացրին։ Կուլակչյանը միացավ իր պաշտպանի բոլոր միջնորդություններին։

Տուժողի իրավահաջորդը դատարանին ներկայացրեց շրջափակման միջից իր որդու գրած հաղորդագրությունը

Զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը դատարան էր եկել՝ շրջափակման միջից որդու գրած հաղորդագրության լուսապատճենը ձեռքին։ Նա մեկական օրինակ տրամադրեց պաշտպանական եւ մեղադրող կողմերին, որից հետո՝ նաեւ դատարանին, որպեսզի նրանք կարդան եւ իր խոսքով՝ զգան՝ ծնողն ինչ է զգում։ Դատարանը, ընթերցելով հաղորդագրությունը, այն կցեց գործի նյութերին․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արեւ, լավ մնացեք, թեթեւ տարեք, չլացես, հերոս ունես, մա՛մ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, դուխով, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կփոխեն, աղաչում եմ՝ չլացես»,– 2020 թ․ հոկտեմբերի 21-ին գրել էր զինծառայողը։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ որդու այս հաղորդագրության մասին ինքը հայտնել է ե՛ւ Անդրանիկ Մակարյանին, ե՛ւ Արսեն Աբգարյանին, սակայն նրանք, այսօր–վաղը ասելով, ոչինչ չեն ձեռնարկել․ «Իմ երեխան մարտի է բռնվել հոկտեմբերի 21–ին,  երեկոյան ես խոսել եմ նրա հետ, նա նշել է, թե որտեղ է, 22–ի առավոտյան եղել եմ Կապանի գնդում, որտեղ մոտեցել եմ Մակարյանին ու Աբգարյանին, ներկայացրել եմ էս հաղորդագրությունը եւ ասել՝ իմ տղան այստեղ թաքնված է, միջոց ձեռնարկեք, կարծում եմ՝ երկուսն էլ լավ հիշում են, բա՝ հարգելի ծնող, էս երկու օրը մի բան կանենք, ասում եմ՝ պարոն գեներալ, մի րոպեն էլ, հինգ րոպեն, տասը րոպեն, կես ժամը մահու հարց է, ի՞նչ է նշանակում էս երկու օրը, նույնը՝ Արսենը, բա՝ հոպա՛ր ջան, այս երկու օրը… Ասում եմ՝ տղա՛ ջան, հոպարի ժամանակը չէ, կյանքի հարց է, երեխաս տեղը նշում է, եկեք, ես էլ ձեր հետ գնանք կամ ասում եմ՝  ցույց տվեք՝ Զանգելանը մոտավորապես որ մասում է, ուղղություն տվեք, ես գնամ։ Էս երկու տարի է՝ թե էդ երկու օրը ե՞րբ պիտի գա․․․»– ասաց տուժողի իրավահաջորդը՝ նշելով, որ որդին նաեւ հոկտեմբերի 22-ի առավոտյան է զանգել․ «Դրա հաջորդ օրն էլ էլի զանգ է մտել, ուզել է կապվել, դե պատկերացրեք, հարգելի՛ դատարան, դուք բառ ասեք, ես ասեմ իրենց»։

Դատավոր Սարգիս Դադոյանը նշեց, որ ընկալեց ծնողի ասածն ու հասկանում է նրան, բայց միեւնույն ժամանակ խնդրում է վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, որպեսզի դատարանը ստիպված չլինի սանկցիաներ կիրառել։

Ռուդիկ Ալեքսանյանը ներկայումս անհետ կորածների շարքում է։

Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդեց դադարեցնել Սարգիս Կուլակչյանի քրեական հետապնդումը

Մեղադրյալ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Կուլակչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Նա ընդգծեց այն հանգամանքը, որ Կուլակչյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թ․–ին ուժի մեջ մտած եւ գործը դատարան ուղարկելու պահին ուժը կորցրած օրենքով․  «Սույն վարույթում մեղադրանքի պաշտպանությունը պետք է իրականացվի ներկայացված մեղադրական եզրակացության շրջանակներում, իսկ այն օրենքը, որով նրան մեղադրանք է առաջադրվել, դադարել է գոյություն ունենալ, ուստի չկա մեղադրանք, եւ կարծում եմ՝ սույն գործով վարույթը ենթակա է կարճման, իսկ Կուլակչյանը պետք է արդարացվի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– ասաց պաշտպանը։

Հանրային մեղադրող Էդգար Մանասյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ըստ օրենքի՝ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով․ «Կուլակչյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2020 թ հոկտեմբեր ամսին, որի ժամանակ գործել է այդ օրենսգիրքը, ուստի արարքը ենթակա է որակման նույն օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր օրենքով բարենպաստ նորմ սահմանված լինի, որը սույն պարագայում չկա»,– ասաց մեղադրողը։ Մարտիրոսյանն էլ հակադարձեց՝ եթե անգամ բարենպաստ նորմ լիներ, Դատախազությունն իրավասու չէր լինի արարքը համապատասխանեցնել նոր օրենսգրքին, քանի որ դատավարությունն իրականացվում է 1998 թ․ Քրեական դատավարության օրենսգրքով, որով նման հնարավորություն սահմանված չէ:

Անդրանիկ Մակարյանի եւ Էլլադա Հարությունյանների պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ Արսեն Աբգարյանի պաշտպան Համբարձում Հարությունյանն ասաց․ «Դժբախտություն է տեղի ունեցել, թող գործը քննվի, հասկանանք՝ ով է մեղավոր․ եթե որեւէ մեկը մեղավոր չէ, անմեղ անձը մեղավորի պատասխանատվություն չկրի, դրա համար մենք նման միջնորդություն չենք ներկայացրել»։

Դահլիճում գտնվող ծնողներից մեկն արձագանքեց․ «Սխալ է արտահայտվում, դժբախտություն չէ, հանցագործություն, դավաճանություն է տեղի ունեցել, էրեխեքին տարել են, իրենց ձեռքով տվել են, եկել են, ոնց կանգնեց, ասեց՝ վրիպակ է եղել, այսինքն՝ 62 էրեխու տանում է, ասում է՝ վրիպակ է եղել, հիմա էլ՝ դժբախտություն, իրենք են դժբախտությունը ստեղծել մեր համար, դժբախտություն չէր լինի, մեր տղերքը կռվող տղերք են, իրենք ընդամենը էրեխեքին մի ավտոմատ են տվել ու խաբել են, ասել են՝ գնում ենք տարածք սանրելու, 62 հոգին 400 թուրքի դիմացի ի՞նչ պիտի աներ»,– ասաց նա։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։

– Ոնց որ զգացվում է՝ արդարություն կա,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։

Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանի մյուս միջնորդությունը, որը դարձյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին էր, այն հիմքով էր, որ Կուլակչյանը իրեն վերագրվող արարքի համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, նրա նկատմամբ հայտարարվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի պատճառով զինվորական հերթական՝ փոխդնգապետի կոչումը ուշացումով՝ տույժը կրելուց հետո է ստացել։ Պաշտպանը մեջբերեց սահմանադրական այն դրույթը, ըստ որի՝ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել։ Նա ընդգծեց, որ կարգապահական վարույթի արդյունքում Կուլակչյանին կարող էր տրվել քրեական պատժին հավասար պատժի տեսակ՝ «ծառայության սահմանափակում», որը երկու վարույթների համար էլ նախատեսված է, իսկ Եվրոպական դատարանը, ըստ պաշտպանի, այն դիրքորոշմանն է, որ պարտադիր չէ՝ այդ պատիժը կիրառված լինի, այսինքն՝ եթե իրականացվել է այնպիսի վարույթ, որի արդյունքում կարող էր նշանակվել քրեական պատիժ, ապա դա ինքնին բավարար է կրկնակիության հարցը որոշելու համար։

Հանրային մեղադրող Էդգար Մանասյանը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվելն ինքնին հիմք չէ քրեական հետապնդում չիրականացնելու համար, իսկ Եվրոպական դատարանի՝ պաշտպանի մեջբերած դիրքորոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ կարգապահական տույժի արդյունքում փաստացի սահմանափակվել է անձի ազատությունը․ «Այդ պարագայում գուցե կարող էր առաջանալ կրկին դատվելու անթույլատրելիության խախտման հարց, իսկ այս դեպքում անձի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն տույժը, որը շատ նվազ է եւ չի կարող սույն գործի շրջանակում դիտվել կրկին դատվելու անթույլատրելիության խախտում»,– ասաց նա։

Այս միջնորդությունը դատարանը եւս մերժեց։

Մարտիկ Մարտիրոսյանը միջնորդեց նաեւ քրեական գործից մաս անջատել

Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանն ասաց, որ հաշվի առնելով նաեւ դատարանում առկա մթնոլորտը՝ միջնորդում է քրեական գործից անջատել Կուլակչյանի, Հարությունյանի եւ Աբգարյանի վերաբերյալ գործերը եւ քննությունը շարունակել առանձին վարույթով։ Որպես հիմնավորում՝ նա նշեց, որ Կուլակչյանին եւ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաեւ Աբգարյանին առաջադրված մեղադրանքներից մեկը որեւէ առնչություն չունեն Մակարյանին առաջադրված մեղադրանքին (խոսքը Գեւորգ Նշանյանի մարտական ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու դրվագի մասին է,–հեղ․)․ «Տվյալ պարագայում գործերի լրիվությունը եւ օբյեկտիվությունը չի խախտվի, դա կնպաստի ողջամիտ քննությանը, հակառակ պարագայում Կուլակչյանը եւ Հարությունյանը մասնակցելու են մի դատավարության, որը գործի բարդությամբ եւ ծավալով ավելի երկարատեւ է, քան այն գործի քննությունը, որը կարող է կատարվել անջատվելուց հետո»,– ասաց նա։

Հանրային մեղադրող Էդգար Մանասյանն առարկեց միջնորդության դեմ՝ այն հիմնավորմամբ, որ Աբգարյանի մեղադրանքը մի դրվագով փոխկապակցված է Կուլակչյանի, մյուսով՝ Մակարյանի հետ, ուստի գործերի անջատումը նպատակահարմար չէ։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Դեմ արտահայտվեցին նաեւ տուժողների իրավահաջորդները․ «Պիտի այ սենց բոլորը մեր հետ նստեն, նայեն մեր աչքերին, պատասխան տան, մեր էրեխեքից լավը չեն»,– ասաց նրանցից մեկը։

Պաշտպանի այս միջնորդությունը եւս մերժվեց։

Դատարանը հետաձգեց Քննչական կոմիտեից եւ ԶՈՒ գլխավոր շտաբից ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունների լուծումը

Հաջորդիվ Մարտիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս քրեական գործը հարուցվել է մեկ այլ գործի շրջանակում, եւ այդ մայր գործի 5 հատոր նյութերը ոչ իրենց, ոչ տուժող կողմին չեն տրամադրվել, ինչը, ըստ նրա, սահմանափակում է պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը․ «Կարծում եմ՝ եթե մեղադրանքը հիմնավորող նյութեր լինեին, քննիչը կարտացոլեր մեղադրական եզրակացության մեջ, մինչդեռ եթե արդարացնող նյութեր լինեին, քննիչը, հնարավոր է, կցած չլինի, ես իրավունք ունեմ կասկածելու»,– ասաց նա՝ միջնորդելով դատարանին պահանջել այդ հինգ հատորները։

Հանրային մեղադրողը դարձյալ առարկեց՝ պնդելով, որ այդ հատորները վերաբերելի չեն մեղադրանքներին, այդ իսկ պատճառով չեն կցվել, ուստի դրանք ձեռքբերելու անհրաժեշտություն չկա․ «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչը պարտավոր է ձեռք բերել մեղադրանքը ինչպես հաստատող, այնպես էլ հերքող ապացույցներ, լինելու դեպքում դրանք ամրագրվում են մեղադրական եզրակացության մեջ, կարելի է արձանագրել, որ նման ապացույցներ չեն եղել, այդ իսկ պատճառով չեն կցվել»,– նշեց Մանասյանը։

Դատարանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատաքննության փուլում՝ գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո։

Վերջին միջնորդությունն էլ վերաբերում էր հիշյալ ծառայողական քննության վերաբերյալ նյութերին։ Ըստ Մարտիկ Մարտիրոսյանի՝ քննիչը պահանջել եւ ստացել է ծառայողական քննության 382 թերթ նյութերը, որոնցից գործին է կցվել միայն 88-ը։ Դրանից բացի պաշտպանն ընդգծեց՝ թեեւ իրենք քննիչի գործողությունները չեն վիճարկում, սակայն հատկանշական է, որ քննիչը ոչ թե փաստաթղթերի զննում է կատարել, ապա՝ կազմել դրա վերաբերյալ արձանագրություն, այլ կատարել է ուսումնասիրություն, որը դատավարական օրենքով նախատեսված չէ։

Հանրային մեղադրողն էլ պարզաբանեց՝ կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով, որ նյութերը եղել են գաղտնի եւ խիստ գաղտնի բնույթի, նաեւ այդ պատճառով ամբողջությամբ չեն կցվել գործին։ Այնուհանդերձ, մեղադրողը կարծիք հայտնեց, որ այս միջնորդությունը եւս ենթակա է հետաձգման։

Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ընդգծեց, որ գաղտնիք լինելը խոչընդոտ չէ, որովհետեւ օրենքը նախատեսում է ինչպես դռնփակ նիստ անցկացնել, այնպես էլ ներկա մասնակիցներից ստորագրություն վերցնել այդ նիստում իրենց հասանելի դարձած տեղեկությունները չհրապարակելու համար։

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը եւ գործում առկա ապացույցների հետազոտումից հետո պարզել՝ դրա անհրաժեշտությունը կա՞ թե՞ ոչ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել