Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։
Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։
«Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։
Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։
Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։
«Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։
Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։
Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։
Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)