Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ
20:57 - 18 հոկտեմբերի, 2022

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ 

Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։

ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ

ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։ 

Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։

Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։

Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին

Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝ 

1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ. 

3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ 

4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: 

Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։

Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է«Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»: 

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։

Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։

Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։ 

Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ

Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։

Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։

Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։

Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»:

Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։

Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:

Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։

Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում:

Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել