Բաքուն պնդում է, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում |azatutyun.am|
10:30 - 08 նոյեմբերի, 2022

Բաքուն պնդում է, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում |azatutyun.am|

azatutyun.am: Բաքու-Թեհրան փոխադարձ մեղադրանքներն ուժգնանում են․ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այժմ էլ փնտրում է Նախիջևանում իրանական զորք տեղակայելու կոչեր հնչեցնող «սադրիչներին»։

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որում պնդում է, թե վերջերս համացանցում Նախիջևանի բնակիչների անունից ինքնավար հանրապետությունում իրանական զորք տեղակայելու, Նախիջևանն Իրանին միացնելու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածվում՝ «անվտանգության, գիտության, սննդի լուրջ դժվարությունների պատճառով, որոնց իբր բախվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի իշխանությունների մեղքով»։

Թե ովքեր են կանգնած պաշտոնական Բաքվի բնորոշմամբ այդ «սադրանքների» ետևում, հաղորդագրությունում չի նշվում։ Գերատեսչությունը, սակայն, ակնարկում է՝ իրեն հայտնի են այդ շրջանակները։

«Մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայտնի շրջանակների կողմից նման անիմաստ և սադրիչ տեղեկատվության տարածումն անընդունելի է ու մեր քաղաքացիների մոտ զզվանք է առաջացնում», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը՝ ընդգծելով, որ Նախիջևանը Ադրբեջանի անքակտելի մասն է:

Ադրբեջանի այս պնդումները հաջորդում են Իրանի իրավապահների հայտարարությանը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Շիրազում՝ Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացի, որը կապեր ուներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Շահ Չերաղի մզկիթում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ արյունալի հարձակման գործով ձերբակալված ավելի քան երկու տասնյակ անձանց թվում նաև Ադրբեջանի քաղաքացիներ են։

Մինչ այդ, անցած շաբաթ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են երկրում իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող զինված ցանցի բացահայտման մասին։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պնդում էր, որ Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են Ադրբեջանի առնվազն 19 քաղաքացիների, նրանց երրորդ երկրներով տեղափոխել նախ Թեհրան, այնտեղից էլ՝ Սիրիա, որտեղ իբր հատուկ ռազմական պատրաստություն են անցել։

Փոխադարձ մեղադրանքները հնչում են Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական տարաձայնությունների ֆոնին, որոնք ուղեկցվոմ էին Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի՝ մեկը մյուսին հաջորդած լայնածավալ զորավարժություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել