vnews.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է իտալական «Ինտերի» 33-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային թիմի հնարավոր վերադարձի մասին հարցին:
- Ինչու՞ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, ի՞նչ խնդիր կա և հնարավո՞ր է՝ այն հարթվի:
- Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման:
Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը:
- Դուք խոսե՞լ եք նրա հետ որոշման մասին:
- Ո՛չ, որոշման մասին չեմ խոսել:
- Ֆուտբոլի ֆեդերացիան պատրա՞ստ է կատարել առաջին քայլը և այս թեմայով զրուցել Հենրիխի հետ:
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:
comment.count (0)