Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը
 |azatutyun.am|
12:06 - 15 նոյեմբերի, 2022

Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Արդյոք Ադրբեջանը բունկեր ու ճանապարհներ է կառուցում Ջերմուկում, ինչպես օրերս հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Թաթոյանի հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել, փոխարենը մեջբերեց կառավարության հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի բոլոր զորքերը պետք է դուրս գան։

Դիտարկմանը, թե հատկապես ջերմուկցիներն անհանգստության մեջ են, ցանկանում են իմանալ՝ հակառակորդն էդտեղ բունկերներ ու ճանապարհներ կառուցո՞ւմ է, թե՞ ոչ, Հակոբյանն արձագանքեց․ -«Էդ մարդիկ նաև հետևում են կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և տեսնում են, թե, օրինակ, վարչապետ Փաշինյանն այլ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ինչ հայտարարություններ է անում էդ թեմայով։ Էդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են»։

Նախկին օմբուդսմենն օրերս ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը։ Քարտեզագետներից, իրավաբաններից և պատմաբաներից բաղկացած մասնագիտական խումբը Սյունիքում և Վայոց Ձորի մարզում արձանագրել է, որ ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։ Թաթոյանն ասաց՝ եթե այս օբյեկտների հետ որևէ բան պատահի, ապա հետևանքներն աղետալի են լինելու։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում նախկին օմբուդսմենի հայտարարությունը։

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե, գտնվելով ահավոր ճնշումների տեկ, կառավարությունը հրաժարվել է «միասնական հայրենիքի» գաղափարից, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ չգիտի, թե ինչ ճնշումների մասին է խոսքը և իրենք էլ չեն հրաժարվել այդ գաղափարից։

«Եթե Արցախի թեման է, ապա վարչապետ Փաշինյանը խոսեց այդ մասին, Անկախության հռչակագրի մեջ «միասնական հայրենիքի» դրույթը կա, բայց հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք խախտել այդ դրույթը՝ Արցախը դուրս բերվեց բանակցության սեղանից։ Մենք ինչ ենք ասում՝ պետք է ջանք չխնայենք, որպեսզի Արցախում ապրեն հայերը, լրինեն անվտանգ, որովհետև Արցախը մշտապես եղել է հայկական հող, հողը պաշտպանում են այնտեղ ապրելով», - ասաց պատգամավորը՝ կրկին վկայակոչելով Փաշինյանի հայտարարությունը՝ հիմա Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ, իրենք էլ կլինեն կանգնած Արցախի թիկունքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել