Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է. ՀՀ ՄԻՊ
19:28 - 16 նոյեմբերի, 2022

Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է. ՀՀ ՄԻՊ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ 1996 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևով նոյեմբերի 16-ը հռչակվել է որպես Հանդուրժողականության համաշխարհային օր։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ուղերձում: 
 
«Հանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը և յուրաքանչյուր անհատի ինքնության ու առանձնահատկությունների ընդունումը անկյունաքարային նշանակություն ունեն բռնությունից, անհանդուրժողականությունից և խտրականությունից զերծ հասարակության կառուցման հարցում։
 
Ցավոք, բևեռված և բռնություն հրահրող հանրային խոսքը, սեռի, ռասայի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, հաշմանդամության, առողջության և այլ հիմքերով խտրականությունը, անհանդուրժողականությունն ու անձանց թիրախավորումը շարունակում են կործանարար հետևանքներ առաջացնել ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։
Անհանդուրժողական վերաբերմունքը հանգեցնում է անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խաթարմանը, նրանց հիմնարար իրավունքներից զրկմանը. անձանց մերժվում է հանրային ծառայությունների մատուցումը, իսկ ատելության շարժառիթով հանցանքների զոհերն անպաշտպան են մնում՝ իրավապահ համակարգի պատշաճ արձագանքի բացակայության արդյունքում, իսկ շատ հաճախ էլ կրկնակի զոհայնացվում են հանրության անհանդուրժող վերաբերմունքի պատճառով։
 
Ուստի, հանդուրժող, միասնական և անվտանգ հասարակության ստեղծման համար հիմնարար նշանակություն ունի խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը, իրապահ մարմինների, կրթական և առողջապահական հաստատությունների կարողությունների զարգացումը։
Միաժամանակ, կարևորում եմ խտրականության և ատելության խոսքի անթույլատրելիության վերաբերյալ իրազեկման արշավների իրականացումը՝ ուղղված ինչպես հասարակության լայն շերտերին, այնպես էլ լրագրողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Ծայրահեղ կարևոր է հանդուրժողականության կրթությունը թե՛ սովորողների և թե՛ մեծահասակների համար։
 
Հանդուրժողականության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում ՀՀ իրավասու իշխանության մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել խտրականության և ատելության խոսքի, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ներդնելով ու զարգացնելով անհրաժեշտ օրենսդրական և գործնական կառուցակարգերը։
 
Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել