Էրդողանն ու Սիսին առաջին անգամ հանդիպել են Կատարում |1lurer.am|
16:07 - 21 նոյեմբերի, 2022

Էրդողանն ու Սիսին առաջին անգամ հանդիպել են Կատարում |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի և Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Աբդել Ֆաթահ աս-Սիսին կիրակի առաջին անգամ հանդիպել են Կատարում, հայտնում է Agence France Presse-ը։

Էրդողանն ու Սիսին հակասության մեջ են 2013 թվականից՝ Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, որին անձամբ աջակցում էր Էրդողանը։

Ըստ լրատվականի՝ Թուրքիան անցած տարվանից ջերմ հարաբերություններ է հաստատում տարածաշրջանային որոշ հակառակորդների, այդ թվում Եգիպտոսի հետ, սակայն Կահիրեն չի ցուցաբերում մերձեցման նույն ոգևորությունը, ինչ Անկարան:

Էրդողանն ակնարկել է, որ հաջորդ տարվա ընտրություններից հետո Թուրքիան կարող է վերանայել լարված հարաբերությունները տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սիրիայի և Եգիպտոսի հետ։

«Մենք կարող ենք վերանայել հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք: Կարող ենք նույնիսկ զրոյից սկսել հատկապես հունիսի ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը:

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում 2011-ի արաբական գարնան ապստամբությունից հետո Ստամբուլը ապաստան դարձավ իսլամիստ ընդդիմադիր ակտիվիստների համար, հատկապես եգիպտոսցիների, որոնք կապված էին Մուրսիի՝ օրենքից դուրս գործող «Մուսուլման եղբայրների» հետ:

Անցյալ տարի, սակայն, Էրդողանի կառավարությունը եգիպտոսցի վտարանդի թոք-շոուի հայտնի հաղորդավարներից պահանջեց մեղմել Եգիպտոսի առաջնորդի հասցեին իրենց քննադատությունը:

Անցած տարիներին զանգվածային ցույցերի ժամանակ Էրդողանը հաճախակի բարձրացրել է չորս մատով ողջույնը, որը դիտվում է որպես հարգանքի տուրք «Մուսուլման եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներին, որոնք սպանվել են Կահիրեում անվտանգության ուժերի կողմից Մուրսիի պաշտոնանկությունից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել