Ոչ թե զենքի հափշտակություն, այլ արդարադատության իրականացմանը խոչընդոտել․ ինչում է մեղադրվում Ռուբեն Վարդազարյանը
16:59 - 22 նոյեմբերի, 2022

Ոչ թե զենքի հափշտակություն, այլ արդարադատության իրականացմանը խոչընդոտել․ ինչում է մեղադրվում Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է արել, որը կարող է շփոթության տեղիք տալ։

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, այն, որ ինձ ցանկանում են դատապարտել, զարմանալի  չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ  կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ: Ասածիս ապացույցները ստորև»,- նշել է նա՝ կից հրապարակելով երկու լուսանկար։

Առաջին լուսանկարը Հակակոռուպցիոն դատարանի որոշումն է՝ քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ Վարդազարյանն ընդգծել է որոշման այն հատվածը, որտեղ նշված է, որ 2020 թ․ օգոստոսի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/1240/01/21 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ռուբեն Էդուարդի Վարդազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով։

Վարդազարյանի հրապարակած առաջին լուսանկարը

Հաջորդ լուսանկարը 332-րդ հոդվածի լուսապատճենն է, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար։ 

Վարդազարյանի հրապարակած երկրորդ լուսանկարը

Վարդազարյանի այս գրառումը՝ կից լուսանկարներով, արտատպել են news.am-ը, mamul.am-ը, hraparak.am-ը, blognews.am-ը եւ այլ կայքեր։

Իրականում, սակայն, Վարդազարյանը չի մեղադրվում հիշյալ հափշտակության համար։ Բանն այն է, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի ապրիլի 15-ին, երբ ՀՀ-ում գործել է դեռեւս 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգիրքը, որի հիշյալ 332-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է  նրա մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից եւս պարզ է դառնում, որ նրան մեղադրանք են առաջադրել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Նախքան մեղադրանքի պաշտոնական հրապարակումը Վարդազարյանն ինքն է hraparak.am-ին հայտնել, որ իրեն մեղադրանք են առաջադրել հենց արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

Ինչ վերաբերում է նրա հրապարակած լուսանկարին, ըստ որի՝ 332-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, ապա դա ոչ թե 2003 թ, այլ 2021 թ․ ընդունված Քրեական օրենսգրքից մեջբերում է, այսինքն՝ նոր Քրեական օրենսգրքով 332-րդ հոդվածի բովանդակությունը փոխվել է։ 

Ինչպես հայտնի է, 2021 թ․ Ազգային ժողովը ընդունեց Քրեական նոր օրենսգիրք, որն ուժի մեջ մտավ 2022 թ հուլիսի 1-ից։ Նույն օրը ուժը կորցրած ճանաչվեց նախկին, այսինքն՝ 2003 թ․ քրեական օրենսգիրքը։ Սակայն թե՛ նախկին, թե՛ գործող օրենսգրքերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Վարդազարյանին վերագրվող արարքը, ինչպես արդեն նշվեց, առերեւույթ կատարվել է նախքան նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը։

Եվ նրա գրառման առիթ, ըստ ամենայնի, հանդիսացել է այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն դատարանը քրեական գործը վարույթ ընդունելու որոշման մեջ մեղադրանքի հոդվածը մեջբերելիս չի նշել, որ խոսքը 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի մասին է, ինչը, որպես կանոն, արվում է, եւ տպավորություն է ստեղծվել, թե խոսքը այս պահին ուժի մեջ գտնվող օրենսգրքի մասին է։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ Վարդազարյանն այսպիսով պարզապես ընդգծում է դատարանի թույլ տված բացթողումը։

Հավելենք, որ այս քրեական գործը դատարանում է 2021 թ․ սեպտեմբեր ամսից։ Սկզբնապես այն ուղարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, որը ՀՀ-ում Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելուց հետո որոշում է կայացրել գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին։ Ներկայումս այն գտնվում է դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ դրա նպատակն իրեն պաշտոնից հեռացնելն էր։ 

 

Միլենա Խաչիկյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել