#Կարճասած
#Մանրամասն
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Այս մասին երեկ հայտարարեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ, սպա Վիգեն Ծատրյանը։
Վերջինս ներկայացել էր դատարան՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վահանյանը նահանջի պահին սարում չի եղել․ ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել եւ հեռացել:
Ներկայանալով դատարանին՝ Ծատրյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։
Լուսանկարում՝ վկա Վիգեն Ծատրյանը
Ըստ վկայի՝ որպես կապի պետ իր գործառույթն է եղել զորամասի բոլոր ստորաբաժանումների հետ կապի ապահովումը, ինչի շրջանակում իրեն հասանելի են եղել մինչեւ գումարտակի հրամանատարի մակարդակով ընթացող խոսակցությունները, դրանից ցածրերը՝ ոչ․ «Մինչեւ հոկտեմբերի 6-7–ը ես միշտ կապի մեջ եմ եղել բոլոր ստորաբաժանումների հետ, 5-րդ գումարտակից կապի մեջ եմ եղել ե՛ւ Վարդերեսյանի (գումարտակի նախկին հրամանատարն է,–հեղ․), ե՛ւ Մուրադյանի (գումարտակի կապի դասակի հրամանատարն է,–հեղ․) հետ, իսկ կոնկրետ սարում ինչ է տեղի ունեցել, ռադիոկապով չեմ կարողացել լսել, որովհետեւ էդ ցանցը մեզ մոտ չի եղել, դա գումարտակի կապով է եղել, որը հասանելի չի եղել գնդին»,– պատմեց նա։
Դատավարության մասնակիցների հարցերին ի պատասխան՝ նա պարզաբանեց, թե գումարտակները վերադաս հրամանատարության հետ ինչպես եւ ինչ ռադիոցանցով են կապ հաստատել։ Ըստ այդմ, զորամասի հրամանատարի եւ բոլոր գումարտակների հրամանատարների միջեւ մշտապես գործել է երկու ռադիոցանց՝ «Հայտեռա» եւ «Այքոմ» տեսակների, իսկ գումարտակի հրամանատարի եւ ավելի ցածր օղակների՝ վաշտի եւ առանձին դասակների միջեւ՝ միայն մեկ՝ «Այքոմ» ռադիոցանցը։ Յուրաքանչյուր գումարտակում եղել է 3 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, որոնցից 2-ը՝ գումարտակի հրամանատարի մոտ, 1-ը՝ շտաբի պետի։
Վկայի այս խոսքերից հետեւում է, որ Վահանյանը, որպես գումարտակի հրամանատար, իր մոտ ունեցել է 2 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, մինչդեռ ըստ մեղադրանքի՝ նա մարտի դաշտը թողնելիս իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դատավորի հարցին՝ Վահանյանից բացի ո՞վ կարող է հաստատել, որ նրա մոտ ոչ թե մեկ, այլ երկու ռադիոկապ է եղել, վկան դժվարացավ պատասխանել։
Ծատրյանի խոսքով՝ վաշտերն էլ իրենց հերթին ապահովված են եղել «Այքոմ» ռադիոկապով՝ գումարտակի հրամանատարների հետ կապի դուրս գալու համար։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ եթե գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նահանջի պահին գնացած է եղել, սարում գտնվող անձնակազմը իր մոտ ունեցած «Այքոմ» ռադիոկապով կարո՞ղ էր կապվել վերադաս հրամանատարության հետ, ինչին վկան դրական պատասխան տվեց՝ ասելով, որ կարող էին կապվել կա՛մ զորամասի, կա՛մ գնդի հրամանատարի հետ, եւ դրա համար, ըստ վկայի, հատուկ գիտելիքներ պետք չէին, որովհետեւ բոլոր հաճախականությունները նախապես տեղադրված էին բոլոր ռադիոկապերի վրա։ Մոտ 10-15 ալիք է եղել, եւ եթե համարով չիմանային էլ, այդքան անգամ ալիքը փոխելով՝ կապի դուրս կգային։
Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատվել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Արդյունքում, բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, վիրավորվել կամ անհետ կորել։
Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը
–Ենթակա անձնակազմն ասում էր՝ չենք կարողացել «Այքոմ»–ով կապվել վերադաս հրամանատարության հետ,– վկային հայտնեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։
–«Այքոմ»–ում մեկ հաճախականություն չի, կոճակներ կան, պիտի փոխեին ու վերեւ խոսեին՝ զորամասի հրամատարի կամ շտաբի պետի հետ,– ասաց վկան՝ նշելով, որ հեռավորությունն էլ կապ ուներ։
–Զորամասի հրամանատարը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10-ին, հնարավո՞ր էր նրա հետ կապվել Խուռհատ սարից։
–Գտնվել է 1–ին կամ 4-րդ գումարտակի հետ, սարից այդ հեռավորության վրա «Այքոմ»–ով կապվել երեւի թե հնարավոր չէր,– պատասխանեց վկան՝ միաժամանակ ընդգծելով, որ շտաբի պետի հետ հնարավոր էր։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, երբ Վահանյանը նշանակվել է գումարտակի հրամանատար, շտաբի պետի է նշանակվել Ալբերտ Աբրահամյանը։
–Շտաբի պետը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10–ին,– հարցրեց դատավորը։
–Ինձ հետ՝ Կարմրակութ գյուղում,– պատասխանեց վկան։
Դատավորը հետաքրքրվեց՝ այսինքն՝ եթե սպաները ցանկանային կապ հաստատել շտաբի պետի հետ, հեռավորությունը այնպիսին էր, որ կկարողանայի՞ն։ Վկան դրական պատասխան տվեց։
–Վստահաբա՞ր։
–Այո,– ասաց նա։
–Եթե դիցուք, կապի դասակի հրամանատարը հենց սարում զոհվեր, կապի դասակի այլ զինվորներ էլի կկարողանայի՞ն։
–Այո։
–Բայց չէ՞ որ ուսումնական գումարտակ էր։
–Ուսումնական էր, բայց Մուրադյանի անձնակազմը կարող էր։
–Այսինքն՝ նահանջ կատարելիս վաշտի, դասակի հրամանատարները հնարավորություն ունեի՞ն միմյանց հետ կապ հաստատել եւ իրականացրել նահանջը ավելի լավ։
–Միանշանակ՝ այո,– ասաց վկան՝ ընդգծելով, որ ամեն վաշտում եղել է ութական «Այքոմ» տեսակի ռադիոկապ, ընդ որում՝ ութն էլ տարբեր անձանց մոտ էին։
–Եվ «Այքոմ» ռադիոկապի միջոցով սարի վրա գտնվող անձնակազմը լիարժեք հնարավորությո՞ւն է ունեցել կապ հաստատել շտաբի պետի հետ,– դարձյալ ճշտեց դատավորը։
–Այո։
–Իսկ ո՞նց կբացատրեք, որ բոլորը ասում են՝ չէ։
–Չեմ կարող ասել, երեւի մեղքը իրենց վրա չգցելու համար,– պատասխանեց վկան՝ կարծիք հայտնելով, որ կապի խափանումը, ըստ ամենայնի, խուճապից է եղել, որովհետեւ մինչ հոկտեմբերի 10-ը այն անխափան գործել է։
Վկայից հետաքրքրվեցին նաեւ, թե այդ ռադիոկապերի մարտկոցները մինչեւ քանի ժամ կարող են պահել լիցքավորումը։ Ի պատասխան՝ նա ասաց՝ 1 օր, իսկ ակտիվ աշխատանքի դեպքում՝ մինչեւ 18 ժամ։ Այս հանգամանքը էական է այնքանով, որ Իշխան Վահանյանը հայտարարել է, թե իր մոտ եղած «Հայտեռա» ռադիոկապի մարտկոցը նստած է եղել (խոսքը հոկտեմբերի 10-ի մասին է, այնինչ անձնակազմը սար էր բարձրացել ընդամենը մեկ օր առաջ,–հեղ․)։ Վիգեն Ծատրյանը, սակայն, պարզաբանեց՝ «Հայտեռա» տեսակի բոլոր ռադիոկապերը ունեցել են 1 մարտկոց իրենց վրա, եւ եւս 2-ը՝ պահեստային։
–Այսինքն՝ եթե գումարտակի հրամանատարն իր մոտ ունի 2 հատ «Հայտեռա», կարո՞ղ ենք ենթադրել, որ ունի 6 մարտկոց,– հարցրեց դատավորը։
–Այո, եթե ոչ 6, ապա 5՝ հաստատ, որովհետեւ 4 հատ հաստատ եղել է մինչեւ մարտական գործողությունները, իսկ դրանից հետո մեկական էլ հատկացվել է,– պատասխանեց վկան՝ եզրահանգելով, որ ինտենսիվ օգտագործելու ժամանակ հինգ մարտկոցով 3-4 օր հնարավոր էր կապի մեջ լինել։
Ըստ վկա Ղարիբ Ջավադյանի՝ Վահանյանը չէր կարող սարում բեկորային վնասվածք ստանալ
Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ նույն գումարտակի 13-րդ դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանն էր։ Վերջինս 2008 թվականից ծառայել է Ջրականի զորամասում՝ որպես վաշտի ավագ, իսկ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, ստանալով սպայի կոչում, նշանակվել դասակի հրամանատար․ «Հարցրել են՝ ուզո՞ւմ ես դառնալ աֆիցեր, ասել եմ՝ հա, իմ անունն էլ են գրել»,- դատարանում հայտնեց նա՝ նշելով, որ Վահանյանն է իր թեկնածությունն առաջարկել։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Ջավադյանը հայտնեց, որ Վահանյանի հետ ինքը որեւէ տեսակի հարաբերություն չունի։
Լուսանկարում՝ վկա Ղարիբ Ջավադյանը
Խոսելով սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ վկա Ղարիբ Ջավադյանը պատմեց, որ Վահանյանն իրենց հրահանգել է դիրքավորվել, սակայն մարտը սկսելուց հետո, որպես այդպիսին, որեւէ այլ հրաման չի տվել․ «Ես իրենից մի քիչ ներքեւ էի, լսում էի, որ ասում էր՝ սենց լավ ա, սենց պահեք, ես ջոկում էի, որ կամ վիրավոր է, կամ վիրավորի է օգնում, տենց մի բան»,- ասաց նա՝ նշելով, որ հետո զինվորներից է տեղեկացել, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով հեռացել է։ Ավելի ուշ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված, որում վերջինս նշել է, որ երբ նահանջել են անտառի կողմ, ինքը մտածել է, որ Վահանյանը պիտի գա, միասին ելքեր գտնեն, սակայն ի զարմանս իրեն, անձնակազմից շատերը ասել են, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով դիմել է փախուստի։ Դատարանում վկան հաստատեց իր այս խոսքերը։
Նախքան հեռանալը Վահանյանը վիրավորվել է թե ոչ՝ վկան չի տեսել, ասաց՝ դրանից օրեր առաջ է Վահանյանն իրեն ասել, որ հետեւից վիրավորվել է։ Նա նաեւ նշեց, որ սարում հակառակորդը հրետանի չի կիրառել, ուստի Վահանյանը, ինչպես բժշկական տեղեկանքներում է նշված, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։
Ջավադյանի խոսքով՝ հակառակորդի հարձակման ժամանակ պետք է դիմակայեին, սակայն երբ վիրավորները շատացել են, հարկադրված են եղել նահանջել։ Թե ով է տվել այդ հրամանը, նա չգիտեր, ասաց՝ Վահանյանը հեռանալիս ոչ մեկին չի փոխանցել իր պարտականությունները, ոչ մեկը ինքնակամ էլ չի ստանձնել դրանք։
Վկայի խոսքով՝ նահանջ իրականացնելիս սպաներից Հայկազ Գրիգորյանը հեռախոսով կապ է հաստատել ոմն գնդապետի հետ, ապա հեռախոսը փոխանցել իրեն, քանի որ ինքը, որպես տեղացի, ավելի լավ կհասկանար, թե որ կողմով է պետք շարժվել։ Գնդապետի խորհրդով՝ Հադրութ չմտնելու համար շարժվել են դեպի Թաղասեռ գյուղ, որտեղից էլ հետո տեղափոխվել են Ազոխ գյուղ․ «Որ սարից հելել ենք, էնտեղ ընդհանրապես մարդ չի մնացել, ամբողջ գումարտակը եկել է, դեպի Թաղասեռ գնացել ենք բոլորով, բայց դրանից էն կողմ չեմ հիշում, ես էի, իմ հետեւից տասը հոգի գալիս էր, հետեւից՝ գումարտակը, տենց գալիս էին, Արալեռ գյուղում, որ երկրորդ անգամ բոյի մեջ մտանք, դրանից հետո էլ չեմ կարող ասել՝ անձնակազմը՝ ոնց, ինչ»։
Նահանջի այս դրվագի վերաբերյալ դատավարության մասնակիցները մի շարք հարցեր հղեցին վկային, որոնց տրված անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվող ծնողներին։ Վերջիններս սկսեցին ափսոսանք հայտնել, որ իրենց զավակների կյանքը նման սպաների են վստահել։
Վիգեն Ծատրյանը չգիտեր՝ ինչպես է սպաներից մեկը անձնակազմի մի մասի հետ սխալ ճանապարհով գնացել
Վկային հարցեր հղեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը՝ հետաքրքրվելով, թե նահանջի ժամանակ սպաներից ով է իր հետ եղել։
-Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը Ձեզ հե՞տ էր,-հարցրեց Ավետիսյանը։
-Մինչեւ Թաղասեռ հասնելը Մուրադյանին տեսել եմ, դրանից էն կողմ չեմ տեսել,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ սարից մինչեւ Թաղասեր մոտ 3 կմ է։
Հիշեցնենք, որ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։
Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը
-Ինչպե՞ս կպատճառաբանեք, որ Թաղասեռից հետո Մուրադյանին չեք տեսել, կամ Ձեզ հաջողվել է դուրս գալ, նրան՝ ոչ․ եթե իրար հետ եք եղել, ըստ տրամաբանության՝ պիտի կարողանայիք բոլորով դուրս գալ այդտեղից,- ասաց դատախազը։
-Դե, գումարտակը իրարից հեռու–հեռու գալիս էր, որպեսզի բան լինի, շատ զոհեր չլինի, ինքը երեւի հեռու է եղել, դրա համար չեմ նկատել, որ մնացել է էդտեղ,- պատասխանեց վկան։
-Այսինքն՝ էդտե՞ղ են խփել իրեն։
–Ես չեմ տեսել։
-Որ գնում էիք Թաղասեռ, արդեն տեղյա՞կ էիք, որ Հադրութը գրավված է։
–Այո, անձնակազմին մարդ է պատահել, ասել է՝ չեք կարող Հադրութ գնալ։
– Այդ մասին Մուրադյանը տեղյա՞կ էր, եթե ձեզ հետ է եղել ճանապարհին։
–Դա չեմ կարող ասել։
–Որ իմացաք՝ գրավված է, սպաներով ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք, որ ենթականերին տեղեկացնեք։
– Փորձել ենք անձնակազմին հավաքել մի ձեւ, էդ արանքից հանել, կարելի է ասել՝ շրջափակման մեջ էինք, մի կերպ անձնակազմին վերցրել ենք, հելել։
–Ինչպե՞ս կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է էն ուղղությամբ, որը հակառակորդը գրավել է, եւ դուք ունեք այդ տեղեկությունը։
–Քանի որ ցրված գալիս էր գումարտակը, իմ մտածելով՝ երեւի հետ են ընկել կամ ճանապարհը փոխել, էդ ուղղությամբ են գնացել,-պատասխանեց վկան։
Սպան չկարողացավ նշել՝ իր ղեկավարած դասակում քանի զինվոր է եղել
Վկային հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ փորձելով հասկանալ, թե ի սկզբանե քանի զինվոր է եղել գումարտակում, քանիսը՝ նրա ղեկավարած դասակում, եւ քանիսն են մնացել վերջում։ Այս հարցերին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան շարունակ լռեց՝ չկարողանալով հստակ թվեր նշել, ապա ասաց՝ սկզբում գումարտակը առնվազն 140 հոգի կլիներ, նահանջից հետո՝ 50-60, ապա ուղղեց՝ 40-50։ Դատավորը հետաքրքրվեց՝ պատերազմի ժամանակ վկան վիրավորվե՞լ է, ինչին նա բացասական պատասխան տվեց։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ խոսվել է գումարտակում ավելի քան 370 զինծառայողի մասին, որոնցից տուն է վերադարձել մոտ 150-ը։ Սպաներից Հայկազ Գրիգորյանն էլ (որը վկա Ղարիբ Ջավադյանի խոսքով՝ իր հետ է եղել,-հեղ․) իր ցուցմունքով հայտնել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, որոնցից շուրջ 60-ն է իր հետ եղել։ Ենթադրվում է, որ Գրիգորյանը եւ Ջավադյանը նույն 60 հոգուն նկատի ունեն։
–Դուք Ձեր դասակի թվակազմը գիտե՞ք,– հետաքրքրվեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։
–Որ ասել են՝ դասակի հրամանատար եմ, չեմ էլ հասցրել իմանալ՝ դասակս քանի հոգի է,– պատասխանեց վկան։
–Բա ո՞նց էիք ղեկավարելու, եթե չգիտեիք՝ քանի հոգի է, վերջիվերջո սար եք բարձրացել, մարտական առաջադրանք եք կատարել, Դուք չգիտեի՞ք՝ ձեր ղեկավարության ներքո քանի հոգի ունեք։
–Խառն է եղել․․․– պատասխանեց նա՝ հավելելով, որ դրանից առաջ՝ որպես վաշտի ավագ դեմքով ճանաչել է, մոտ 22-23 հոգանոց դասակ է եղել։
Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ նահանջից հետո, երբ փորձել են ճշտել՝ ով կա, ով չկա, ի վերջո ի՞նչ են հասկացել․
– Որ տեսա՝ անձնակազմը քիչ է, մտածեցի՝ երեւի սխալվել են կամ ուրիշ ճանապարհով մտել, մի քանի անգամ անուններով գոռացել եմ, որ տեսնեմ՝ կարողա անտառից ձայն հանեն, մի քսան անգամ գոռացել եմ, ձայն հանող չկար,– պատասխանեց Ջավադյանը։
Վկան համաձայնեց, որ իրավունք չունեին առանց մյուսներից տեղեկություն ունենալու նահանջել
Պատասխանելով հարցերին՝ Ղարիբ Ջավադյանը նաեւ նշեց, որ սար բարձրանալիս եղել են 6 սպաներով՝ ինքը, Իշխան Վահանյանը, Հայկազ Գրիգորյանը, Արսեն Ղարիբյանը, Հովհաննես Մուրադյանը եւ Վազգեն Վարդանյանը։ Իջնելիս, սակայն, նրանցից բոլորը ներկա չեն եղել։
Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը
– Զինվորական կանոնակարգով՝ իրավունք ունեի՞ք չորս սպաներով միասին հեռանալ՝ առանց մնացածից տեղեկություն իմանալու եւ չկազմակերպելով մնացածի նահանջը։
–Ոչ, իրավունք չունեի, բայց ես․․․
–Այսինքն՝ որ չորսով իջել, զինվորների հետ միասին գնացել եք, խախտե՞լ եք կանոնակարգը,– հարցրեց փաստաբանը։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հիշեցրեց, որ վկան իրավունք ունի չպատասխանել իր դեմ հնչած հարցերին։
–Բա խղճի՞ դեմ, բա երկրի՞– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե վկան չպատասխանի, ուրեմն դավաճան է։
–Աստծու դեմ պատասխան կտա,–լսվեց ծնողներից մեկի ձայնը։
–Մենք բոլորով միասին իջել ենք, էդ ընթացքում չեմ էլ պատկերացրել, չգիտեմ՝ ինչի համար իրենք ուրիշ ուղղությամբ գնացին,–պատասխանեց վկան։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)