Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա
22:18 - 01 նոյեմբերի, 2022

Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

#Կարճ_ասած

  • Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։
  • Պատերազմի ժամանակ Հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար Լեւոն Բաբայանը պատմեց, որ երբ հոկտեմբերի 10-ի նահանջի ժամանակ վերադաս հրամանատարությունից տեղեկացել է, որ Հադրութ քաղաք գնալը վտանգավոր է, այդ մասին հայտնել է ներկա անձնակազմին։ Բոլորին թե ոչ՝ վկան դժվարացավ հստակեցնել։ Այնուհանդերձ, նշեց, որ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին այդ ժամանակ չի տեսել, իսկ Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։
  • Մեկ այլ դասակի հրամանատար Արթուր Դանիելյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 2-ին, երբ ինքը վիրավոր ընկած է եղել Նյուզգյար տեղամասում, Իշխան Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան եկել է, սակայն իրեն չի տարհանել․ այլ վիրավորների հետ այդտեղ թողնելով՝ հեռացել է։ Թե ինչու, վկան չգիտեր, հետագայում չի էլ հարցրել․ «Ոչ մեկին էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու»,– ասաց նա։ 

#Մանրամասն

2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում նահանջ իրականացնելու ժամանակ, սպայական կազմը  բջջային կապով իմացել է, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ գնալը վտանգավոր է, քանի որ հակառակորդն արդեն այնտեղ է, բայց չնայած դրան՝ N զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով, հրամանատարներից մեկի հետ այդ ուղղությամբ է գնացել, ինչի հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։

Խուռհատ սարում նահանջը եւ դրան նախորդած դեպքերը քննարկման առարկա են նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Հիշյալ նահանջը իրականացվել է դրանից հետո։

Դատարանը ներկայում հարցաքննությունների փուլում է։ Դատակոչի ենթակա 40 անձանից առայժմ հարցաքննվել են շուրջ 17-ը։

Ըստ կապիտան Լեւոն Բաբայանի՝ Վահանյանը, կաղալով քայլելով, կանգնեցրել է վիրավորների մեքենան, նստել եւ հեռացել

Երեկ դատակոչված վկաների թվում էր կապիտան Լեւոն Բաբայանը, որը նախքան պատերազմը եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 16-ին նշանակվել է հիշյալ 5-րդ ուսումնական գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, սակայն օրեր անց՝ սեպտեմբերի 26-ին, իրեն տեղափոխել են դիրքեր, քանի որ այնտեղ գտնվող 4-րդ գումարտակը հակատանկային դասակի հրամանատար չի ունեցել։ Փաստացի, պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակն այլեւս իր հրամանատարության ներքո չի եղել, նրանց հետ չի առնչվել։

Այնուհանդերձ, Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Բաբայանը՝ իր մեկ հաշվարկով (այսինքն՝ նա եւ եւս երկու անձ), ներկա են եղել՝ այլ խնդիր իրականացնելու նպատակով․ «Հոկտեմբերի 9-ին Վազգեն Վարդանյանը (դասակի հրամանատար է,–հեղ․) ինձ զանգել է, ասել, որ տանկերի շարժ կա, իմ կարիքը կա, ես էլ վերադասության հետ ճշտել եմ, իմ մեկ հաշվարկով գնացել ենք Հադրութի սարը, ուսումնական գումարտակն արդեն այնտեղ է եղել, ձախ կողմից իրենք են նստած եղել, աջ կողմից՝ մենք, ամսի 10-ին, որ Հադրութը գրավել են, նոր դուրս ենք եկել»։

Լուսանկարում՝ վկա Լեւոն Բաբայանը

9-ի երեկոյան, ըստ Բաբայանի, հրետանին է հարվածել, իսկ հաջորդ օրը կեսօրից մարտ է ընթացել, ուսումնական գումարտակը զոհեր եւ վիրավորներ է ունեցել։ Վիրավորներին իջեցրել են, որից հետո արդեն անձնակազմն է իջել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ նահա՞նջ է իրականացվել, վկան պատասխանեց․ «Եթե կարելի է այդպես ասել․․․ Նահանջը ո՞րն է, հետ էին գալիս սարից, որովհետեւ վիրավորները շատ էին, հակառակորդը շատ էր խորանում»։

Այդ ժամանակ է, որ վկան նկատել է Վահանյանին․ «Երբ անձնակազմը իջնում էր սարից դեպի ճանապարհ, Վահանյանը կաղալով գալիս էր, գոռում էր՝ վիրավոր կա, կանգնեցրեք, մի հատ կամազ էր մնացել, կանգնեցրել են, տեսել եմ, որ նստել է մեքենան, ճանապարհով իջել»,– ասաց նա՝ հավելելով, որ չգիտի՝ այլ վիրավորների Վահանյանն իր հետ տարել է, թե չէ։

Վկան հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 10-ին հրետանի չի աշխատել, այնինչ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, այդ օրը բեկորային վնասվածք է ստացել։

Հրետանու պետը հաղորդել է, որ Հադրութի ուղղությամբ գնալը վտանգավոր է

Բաբայանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե անց հեռախոսով (քանի որ իր ռադիոկապի լիցքավորումը ավարտված է եղել,–հեղ) կապ է հաստատել հրետանու պետի, հրետանու շտաբի պետի հետ, որոնք իրեն ասել են, որ Հադրութի ուղղությամբ չգնան, որովհետեւ թշնամին արդեն լցվել է քաղաք։ Տեղում գտնվող սպաներով որոշել են բարձրանալ հարակից սարերից մեկը, որպեսզի վերեւից տեսնեն թշնամու շարժը եւ հասկանան՝ ուր գնալ։ Այս դրվագի հետ կապված հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր հղեց վկային․

-Երբ տեղեկացաք, որ Հադրութի ուղղությամբ չպետք է գնալ, ուսումնական գումարտակն ամբողջ կազմով ձեզ հե՞տ էր,- հարցրեց Ավետիսյանը։

-Ամբողջը չէ, վերեւը վիրավորներ ենք ունեցել, զոհեր էլ,– պատասխանեց վկան։

-5-րդ գումարտակը 300-ից ավելի անձնակազմ է ունեցել, մնացած անձնակազմը ձեզ հե՞տ էր։

-Մնացած անձնակազմը անտառից ճանապարհով իջել է ներքեւ, մենք էլ իրենց հետ իջել ենք, ինձնից առաջ մարդ գնացել է թե չէ՝ չեմ կարող։ Մնացած սպաների հետ հասկացել ենք, որ Հադրութ գնալը վտանգավոր է, որոշել ենք բարձրանալ սարը։ Մենք առջեւից ենք գնացել, անձնակազմը՝ մեր հետեւից, այդ ժամանակ կապի դասակի Հովոյի հետ (նկատի ունի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին–հեղ․) շարասյան մի որոշ մասը իջել է ներքեւ․ թե ինչ պայմաններում, ինչու են նման որոշում կայացրել, չեմ կարող ասել,– պատասխանեց վկան։

-Իսկ 5-րդ գումարտակի սպայակազմին փոխանցե՞լ եք ձեր այդ տեղեկությունը, որ Հադրութ գնալը վտանգավոր է– հետաքրքրվեց դատախազը։

-Խոսքով փոխանցվել է, անձնակազմը որ հավաքված է եղել, ընդհանուր խոսել ենք, որ ասեմ՝ կապի միջոցով է ասվել, չեմ տեսել նման բան։

-Հովհաննես Մուրադյանին կամ նրա հետ գտնվողներին փոխանցելու հնարավորություն եղե՞լ է։

-Ես Հովհաննեսին այդ ժամանակ չեմ տեսել, ինքը հետո է ոնց որ իջել անտառից, մենք, որ որոշել ենք բարձրանալ, իրենք ամենավերջից որոշել են իջնել անտառ, ես չեմ տեսել՝ ոնց է այդ որոշումը կայացրել կամ ինչի համար,– ասաց վկան։

Նշենք, որ ըստ այլ ցուցմունքների՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու նրա հետ գտնվող անձնակազմին փրկվել չի հաջողվել սխալ ճանապարհով գնալու պատճառով։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Դատավոր Ջոն Հայրապետյանը եւս հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկան, կապիտան լինելով, պարտականություն չի ունեցել՝ բոլորին հայտնելու, որ ով գնա Հադրութի ուղղությամբ, զոհվելու է․ «Ունեի, ասել եմ, նենց չի՝ տասը հոգի էինք, որ կարողանայինք տասով բարձրանալ, նենց չի՝ ես եմ որոշել, սպաներով որոշել ենք, մի շարասյունով գնացել ենք իրար հետեւից, հետո թե ոնց է Հովոն էդ ճանապարհից հետ դարձել, չեմ կարող ասել»։ Այնուհանդերձ, նա կարծիք հայտնեց, որ եթե Մուրադյանը տեղյակ լիներ Հադրութում հակառակորդի գտնվելու մասին, այդ ուղղությամբ զորքին չէր տանի․ «Ես սենց գիտեմ․ ինքը ասել է՝ էս կողմը մարդ չկա, գնանք, քյասար դուրս գանք, եթե տեղյակ լիներ, չեմ կարծում՝ տենց բան կաներ, դա մարդկային չէր լինի»։

Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցեր ուղղեց նաեւ այն մասին, թե նա, որպես սպա, ինչ միջոցներ է ձեռնարկել նահանջը պատշաճ կազմակերպելու համար․

-Ասել ենք, որ իրար հետեւից գան, ապահովության համար որոշեցինք, որ իրար հետեւից բարձրանանք, ոչ թե իրար կողքի, նենց չի՝ ես եմ որոշել, սպաների հետ խոսել ենք՝ ոնց լինի, որ լավ լինի,– պատասխանեց վկան։

-Որպես սպա՝ նահանջն այդպե՞ս պետք է կատարեիք,- հարցրեց մեղադրողը։

-Տենց կոնկրետ բան չկա՝ նահանջը ոնց կատարես, այդ պահից ելնելով․․․

-Փորձեմ հուշել Ձեզ․ վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք նահանջի թույլտվություն ստացել։

-Ոչ մեկից։

-Իսկ տեղյա՞կ եք, որ նահանջում են բացառապես հրամանատարի թույլտվությամբ եւ իմացությամբ։

-Վահանյան է եղել հրամանատար, նա ճշտել է թե չէ, չեմ կարող ասել, իմ մասին ասեմ․ հակառակորդը որ եկել, հասել է, սարը վերցրել է, անձնակազմը իջել է, ես էլ հետները իջել եմ,  մենակ կանգնեի, ի՞նչ անեի։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սպաներով մասերի են բաժանվել՝ զորքին դիմացից, մեջտեղից, հետեւից ուղեկցելու համար, թե՞ իրենք առջեւից են գնացել, զինվորները՝ նրանց հետեւից․ «Ես կոնկրետ դիմացից եմ գնացել, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց Լեւոն Բաբայանը՝ նշելով, որ սպաներից Վազգեն Վարդանյանն է իր հետ եղել, Հայկազ Գրիգորյանին չի տեսել։ Նշենք, սակայն, որ նախորդ նիստերին դատարանում ցուցմունք տալիս Վազգեն Վարդանյանը հայտնել է, որ ինքն ու Հայկազ Գրիգորյանը միասին են փորձել զորքին անվտանգ դուրս հանել։ Նրանք նաեւ նշել են, որ իրավիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, ինչի արդյունքում անձնակազմը 3 խմբի է բաժանվել։

Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրեց նկարագրել, թե զորքն այդ ժամանակ ինչ հոգեվիճակում էր, խուճապ կա՞ր, ինչին վկան պատասխանեց․ «Միանշանակ խուճապ կար, բոլորս խառնված էինք, էդ իրավիճակում բոլորն էլ խառնվում են»։ Ի վերջո, կեսգիշերն անց դուրս են եկել անտառից, վկայի խոսքով՝ 40-42 հոգով։

5-րդ ուսումնական գումարտակը մոտ 370 անձնակազմ է ունեցել, ըստ տուժող կողմի՝ նրանցից միայն 150-ն է ողջ մնացել։

Արթուր Դանիելյանի խոսքով՝ Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան, վիրավորներին մարտի դաշտում թողնելով, հեռացել է

Հարցաքննված մյուս վկան 5-րդ ուսումնական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կապիտան Արթուր Դանիելյանն էր՝ մեկը այն անձանցից, որին, ըստ ցուցմունքների, գումարտակի՝ այդ ժամանակ դեռ շտաբի պետ, մայոր Իշխան Վահանյանը, հոկտեմբերի 2-ին մարտի դաշտում վիրավոր թողնելով, հեռացել է։ 

Արթուր Դանիելյանի ցուցմունքը առավելապես վերաբերում էր դրան եւ դրան նախորդած օրերին, երբ ինքը երկու անգամ առիթ է ունեցել՝ Վահանյանին հանդիպելու։ Սարում հոկտեմբերի 10-ի մարտական գործողություններից վկան տեղեկություն չուներ, քանի որ այդ ժամանակ բուժման մեջ է եղել։ 

Դատարանում ցուցմունք տալով՝ Արթուր Դանիելյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, այժմ շփում չունի։

Լուսանկարում՝ վկա Արթուր Դանիելյանը

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առաջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 29-ին, երբ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել է, իսկ Վահանյանը՝ վիրավորվել․ «Ես իմ աչքով վիրավորվելը չեմ տեսել, բայց որ իջել եմ հրամանատարական դիտակետ՝ կապի մարտկոցները մեզ մոտ տանելու, տեսել եմ, որ նա նստած է եղել, ասել է՝ մի պուճուր վիրավորվել եմ, բայց նորմալ է, բան չկա»։ Հարցին՝ վիրավորումը ակներե՞ւ էր, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ վիրակապ չի տեսել, միայն Վահանյանն է ձեռքով ցույց տվել ոտքի տվյալ հատվածը։ Թե դրանից հետո նա ինչ քայլեր է ձեռնարկել, բուժօգնության դիմել է թե ոչ՝ վկան չգիտեր։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ըստ Վահանյանի՝ ինքը երկու անգամ է վիրավորվել։

Վահանյանի հետ երկրորդ հանդիպումը, ըստ վկայի, եղել է հոկտեմբերի 2-ին, երբ ինքը նույն վաշտի մեկ այլ դասակի հրամանատար Հայկ Ղազարյանի հետ հրաման է ստացել՝ Նյուզգյարում գտնվող 2-րդ գումարտակին օգնության հասնելու։ Տեղի հրամանատարի՝ Արթուր Քյարամյանի հետ ճշգրտել են՝ ով որտեղ է տեղակայվելու, ինչ խնդիրներ է ունենալու, եւ երբ ցանկացել են վերադառնալ՝ որոշված բնագծերը զբաղեցնելու, տեղ չհասած՝ հրետակոծության են ենթարկվել․ առաջին ալիքն իրեն շպրտել է, գիտակցությունը կորցրել է, իսկ երկրորդից բեկորային վիրավորում է ստացել․ «Հայկին խավարի մեջ տեսնելով՝ ուզում եմ քայլել դեպի նա, մի հատ էլ որ խփում է, էդտեղ արդեն չոքում եմ, հետո նոր զգում եմ, որ ոտքս էլ նորմալ չի գործում»։

Այդ ամենից հետո, երբ ուշքի է եկել, ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է նկատել, որը ղեկավարել է ներսում գտնվող Իշխան Վահանյանը։ Բղավել է, որ հանկարծ չկանգնի, քշի, տեսնի՝ վիրավորներ հո չե՞ն մնացել, սակայն պարզվել է՝ մեքենան արդեն հեռանալիս է եղել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ ավելի հեռվում գտնվող վիրավորնե՞ր էլ կային, որոնց կարող էին հանել, վկան պատասխանեց․ «Այո, հենց Նյուզգյարում, որտեղ հրետակոծություն էր եղել, չգիտեմ՝ վիրավորներ թե․․․ Հետո պարզվել է, որ զոհեր են եղել, որոնողական աշխատանքների ժամանակ այդտեղից մոտավորապես 7-8 հոգու հանել են»։ Ավետիսյանի հարցին՝ ըստ վկայի՝ ինչու մեքենան չի մոտեցել եւ իրեն էլ չի տարհանել, նա պատասխանեց․ «Պատճառը ինձ մի հարցրեք, ես չգիտեմ, թե խի ավտոն դալշը չգնաց, ենթադրում եմ՝ կարողա տեղ չի եղել, կարողա․․․ չգիտեմ․․․» Նրա խոսքով՝ Վահանյանը մեքենայից չի իջել, իր որպիսիությունն անգամ չի հարցրել։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Պատասխանելով դատավորի հարցին՝ հետագայո՞ւմ էլ չի հետաքրքրվել Վահանյանից, թե ինչու է իրեն մարտի դաշտում թողնելով հեռացել, վկան բացասական պատասխան տվեց․ «Ոչ մեկի էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու, իմաստը ո՞րն էր՝ հարցնեի՝ ինձ ինչո՞ւ չես հանել, ի՞նչ էր փոխվելու»։ Հարցին, թե այդ մեքենայով քանի վիրավոր էր հնարավոր տեղափոխել, վկան պատասխանեց, որ դա կախված է վիրավորների վիճակից․ եթե մեջքից վիրավոր կամ անդամահատված անձինք չկան, նստած վիճակում 8-9 հոգի հնարավոր է, իսկ եթե ծանր վիրավորներ են, որոնց պառկեցնել է անհրաժեշտ՝ ավելի քիչ։ Տվյալ դեպքում՝ իրենց մեջ երկուսն էլ եղել են։

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն է լարով վիրակապել իր վերքը, իսկ մյուս հրամանատար Հայկ Ղազարյանին այլեւս չի հանդիպել։ Ենթադրում է՝ նա զոհվել է, քանի որ որոնողական աշխատանքների ժամանակ նրա հագուստն ու ռադիոկապը գտել են։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, 5 զինծառայողների հետ միասին մի կերպ հասել է Կարմիր Շուկա։ Դրանից հետո՝ մինչ պատերազմի ավարտը, Դանիելյանը բուժման մեջ է եղել, Վահանյանի հետ այլեւս չի առնչվել․ «Վահանյանին մեկ էլ մի անգամ հանդիպել եմ իրենց տանը․ որ մտա, բազկաթոռին նստած էր, հարեւաններից էլ կային նստած, ու որ տեղից պիտի ելներ՝ թեկուզ փաթաթվեր, թեկուզ բարեւ տար, չհելավ, ասաց՝ կներես, չեմ կարողանում, սաղ ոտքերս ասկոլկա են, ես էլ նորմալ եմ ընդունել, որովհետեւ գիտեմ՝ դա ինչ բան է․․․ Ու տենց, պատմեց, որ ընկել են շրջափակման մեջ,  էլ արդեն չեմ խորացել․ ամեն անգամ այդ զրույցները տանելիս իմ մոտ․․․  Չի ստացվում, սաղ գալիս է իմ աչքի դեմը, աշխատում եմ քիչ լսեմ»։ Դատավորի հարցին, թե Վահանյանի տուն ինչ նպատակով է գնացել, վկան պատասխեց․ «Մի հատ իմ աչքով տեսնեի էդ մարդու աչքերը»։

Հանրային մեղադրողը հիշեցրեց՝ քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ վիրավորվել է Վահանյանի միայն մեկ ոտքը, այն  էլ՝ թեթեւ․ «Այնինչ դուք նշում եք, որ նա ասել է, թե երկու ոտքն էլ բեկորներով է պատված եղել, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես ասել»,-հարցրեց Ավետիսյանը, ինչի վկան պատասխանեց՝ ասելով․ «Ես մի բան գիտեմ․ եթե մարդը մի սուտ է ասում, պիտի մի յոթ բան էլ սուտ ասի, որ այդ մի սուտը ճիշտ դառնա, իսկ թե քանիսն է պետք, որ այդ յոթը ճիշտ դառնա, ես արդեն չգիտեմ»։

Իշխան Վահանյաին որպես սպա բնութագրելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․ «Սպաները լինում են մի քանի տեսակի․ կա սպա, որ բայեվոյ է, կա սպա, որ ասֆալտի սպա է, իսկ այդ երկու տեսակները իրար հետ համեմատելի չեն։ Ես, որ տեսել եմ Վահանյանի ծառայությունը, եղել է պահանջկոտ, եղել է ծառայող, բայց որպես բայեվոյ սպա՝ ես իրեն չեմ տեսել»։

Դանիելյանը նաեւ հայտնեց, որ ուսումնական գումարտակը անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովված եղել է։ Ինչ վերաբերում է նրանց պատրաստվածությանը, դժվարացավ հստակ գնահատականներ տալ՝ ասելով, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է այդտեղ տեղափոխվել, նրանց չի ճանաչել․ «Բայց որ ասեմ իմ զինվորը չի պարտվել, դա հաստատ է, իրենց պետք չէր սովորեցնել, իրենք կռվում էին»,- նշեց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել