Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|
09:46 - 23 նոյեմբերի, 2022

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե հակաադրբեջանական դրույթները հանվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևի նախագծից, չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից: Եթե իրապես Ադրբեջանը հասած լիներ իր ուզածին, և եթե իրապես ցանկալի սցենարով ամեն ինր գնար, այսքան շարունակական հայտարարություններ իրենց կողմից չէին լինի», - ասաց Վահան Հունանյանը:

«Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է գագաթնաժողովում ընդունվել։

Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներ իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգություն հայտնում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Կազմակերպությունը ընդունված բանաձևով կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, հակամարտությունը լուծել խաղաղ՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:

Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Հունանյանի ծոսքով՝ այս երկրները փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես նախագծում ներկայացվել էր: Վերապահում ունեցող երկրները կարող էին վետոյի գործընթաց սկսել, որին, ըստ ԱԳՆ խոսնակի, չեն գնացել։

«Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին», - շեշտեց գերատեսչության խոսնակը:

Արդյոք Երեւանը փորձե՞լ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձևակերպում ներառել։ Տեքստում նման ուղիղ դրույթ չկա։ Այս ձևակերպումներով էլ, ըստ Վահան Հունանյանի, փաստաթուղթը գոհացնում է Երևանին. «Մինչև նախագծի հասնելը նախարարական համաժողով ինքը անցնում է որոշակի համաձայնեցման պրոցեսներ, 54 անդամ պետություն կա, գումարած 7 ասոցացված և դիտորդներ: Իհարկե, ցանկացած պարագայում կարելի է ունենալ էլ ավելի լավ բանաձև, էլ ավելի խիստ դատապարտում, բայց սա այն հնարավորն էր, որին կարողացել ենք հասնել, և ես կարծում եմ, որ ունենք շատ լավ փաստաթուղթ»:

Շարունակությունը՝ azatutyun.am -ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել