Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան։ Այսօր Մեդիա կենտրոնում «Զարկ տալ գիտությանը՝ հնարավորինս անհարմարություններ պատճառելով գիտնականներին» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի հարց հնչեցրեց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյանը՝ անդրադառնալով կենտրոնի շուրջ վերջերս տեղի ունեցող իրադարձություններին։
2007 թ․-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանը ու ջրանցքի մի մասը օտարվել են մասնավոր ընկերության։ Դրանից հետո տարածքը 5 անգամ վերավաճառվել է մասնավոր ընկերությունների, իսկ 2019 թ․-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է ձեռք բերել տարածքը և այնտեղ նախատեսում է բազմաբնակարան համալիր կառուցել։
Իսկ վերջերս քաղաքապետարանն առանց գիտնականների համաձայնության որոշել է ինտիտուտի տարածքում գտնվող և կառավարության որոշմամբ մասամբ պատմամշակութային արժեքը կորցրած «Աբուհայաթ» ջրանցքի մի մասը տեղափոխել կենտրոնի տարածք։
Գիտնականները դատարանում բողոքարկում են այս որոշումը, իսկ օրեր առաջ ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի և Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դիմաց։ Նախօրեին էլ գիտնականները ահազանգում էին, որ աշխատանքային ժամի ավարտից հետո կառւոցապատողը կոտրել է կենտրոնի դարպասը։
«Սկսվել է ջրանցքի տեղափոխությունը, որի շինթույլտվությունը տրվել է առանց գիտնականների համաձայնության։ Մեր տարածք մտնելու համար մեզանից գոնե պիտի հարցնեին։ Այդ թույլտվությունը իրենք չունեն։ Բացի դրանից՝ գիշերով գալիս են, մեր աշխատանքային ժամից հետո մեր դարպասները կոտրում են։ Եթե քաղաքապետարանը իրավասու է պետական գույքը վնասելու թույլտվություն տալ, դա արդեն ուրիշ բանի մասին է խոսում»,-ասաց Կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
Նա ընդգծեց՝ իրենց խնդիրը կառուցապատողի հետ չէ, նրա խոսքով՝ նախարարություններում, քաղաքապետարանում չեն գիտակցում՝ ինչ են անում․ «Կամ գիտակցում են, որովհետև անհամատեղելիության սկզբունքով կարելի է լինելու ասել՝ այս բնակելիին շատ մոտ գիտահետազոտական, այն էլ՝ քիմիական կենտրոն իրավունք չունի լինել։ Կամ կփակեն, կամ ձևական կտեղափոխեն։ Այս գործողությունները առանց հստակեցման վնասելու են։ Ապագային միտված որևէ գործառույթ չես կարող պլանավորել, նախագծել, որովհետև երբ նախագծում ես, այնպես չի, որ մի օրվա մասին պետք է մտածես կամ կես տարվա։ Գոնե առաջիկա 5-7 տարվա մասին պետք է ունենալ պատկերացում։ Հիմա ամենալավ բանը, որ տեղի է ունենում, գիտության ֆինանսավորման ավելացումն է։ Մենք անցած տարի 354 միլիոն դրամ արժողությամբ նոր սարքեր ձեռք բերելու դրամաշնորհային ծրագիր ենք շահել, այս տարի արդեն 425 միլիոնից ավելի էր, և սարքերի պարկը համալրվում է, գիտնականների աշխատավարձը բարձրանում է, բայց, միևնույն ժամանակ, դրամաշնորհ իրականացնելու տեղին վնասում են»։
Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն ասաց՝ այս ամենը տեղի է ունենում բիզնես ներդրում իրականացնելու հիմնավորմամբ, սակայն բիզնես ներդրումը պետությանը պիտի օգուտ տա, աշխատատեղ ստեղծվի․ «Սա բիզնես ներդրում չի կարելի համարել, որովհետև իրենց համար շատ էժան տարածք են ձեռք բերել մի կերպ և ուզում են առավելագույն օգուտ ունենալ՝ կառուցելով բազմահարկ շենք՝ գրասենյակային տարածքներով և այլն։ Այդ ամբողջը իրենք սարքելու են, վաճառելու են ու վերջ»։
Կենտրոնի փոխտնօրեն Մովսես Հարությունյանն էլ նշեց՝ շինարարության ընթացքը խանգարում է գիտնականների բնականոն գործունեությանը․ «Ճիշտ է, դեռ մեր տարածք չեն մտել․ դարպասները ջարդել են, բայց երկու կորպուս գիտնականները ամեն օր բողոքում են, որ չեն կարողանում աշխատել աղմուկից։ Սա արտադրություն չի, գիտական աշխատանք է, գիտնականը մտածում է։ Շատերն ասում են՝ թույլտվություն ունեն, թող թույլտվությունը բացեն, կարդան։ Գրած է «26/1 հասցեում ոռոգման համակարգի արդիականացում»։ Ես չեմ հասկանում, հայերեն չգիտե՞ք։ Արդիականացումը տեղափոխում չի, իսկ գծագրերով տեղափոխում է։ Պետությունը գումարներ է ծախսում գիտության համար, բարձրացրել է ֆինանսավորումը, բայց գիտնականները գումարը ստանան, աշխատանք չանե՞ն»։
Տնօրեն Սահակ Գասպարյանն էլ ընդգծեց, որ բազմիցս նամակներ են գրել վարչապետին ու նախարարություններին, բայց ապարդյուն․ «Սակայն անձամբ ինքս դարձել եմ ֆուտբոլի գնդակ, և նման է հայկական ֆուտբոլի թիմի, այսինքն՝ վերջում գնդակը հայտնվում է մեր դարպասում, մենք տուժում ենք։ Անձամբ ես դիմել եմ վարչապետին, որպեսզի համապատասխան մասնագետների հրավիրի, քննարկենք այս հարցը։ Իր կիրառած բառերով՝ պիտի ինստիտուցիոնալ լուծում տրվի այս հարցին։ Եթե մենք պիտի տեղափոխվենք, մինչև տեղափոխվելը ոչ մի շինարարական աշխատանք չի կարելի թույլ տալ։ Եթե մեզ չեն տեղափոխելու, ես առաջարկել եմ նույնիսկ վարչապետին և նրանց, ում դիմել եմ, կամ համարեք գերակա շահ, որովհետև մեր կենտրոնը կարևոր նշանակություն ունի, հետ գնեք իրենցից, սա դարձնենք նորմալ կենտրոն, կամ փոխանակի, ուրիշ տարածք առաջարկի»։
Անդրադառնալով ակադեմիական քաղաք հիմնելու մասին վարչապետի հայտարարությանը՝ Գասպարյանն ասաց՝ այդ քաղաքն արդեն կա․ «Մեր տարածքին հարակից քանի՞ գիտական ինստիտուտ կա․ Ֆիզիկայի ինստիտուտը, Կենսաքիմիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ իրարից 200-300 մետր հեռավարության վրա։ Ի՞նչ իմաստ ունի ծախսեր անել, այդ ամենը տեղափոխել այլ քաղաք, արդեն կա այդ քաղաքը»։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից
Նանե Ավետիսյան
comment.count (0)