Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|
17:38 - 24 նոյեմբերի, 2022

Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։

«Ո՛չ, ոչ մի կերպ (չի ազդի), որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։

Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել