ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար:
Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին:
Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ ապրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է, եւ կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում: Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը եւ պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային եւ մաքսային վերահսկողության:
Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը, այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար: Լաչինի միջանցքը, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլ հատուկ մարդասիրական միջանցք: Այն ունի 5 կմ լայնություն եւ ձգվում է մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ ուրիշ ոչ մի տեղ: Այն փակ միջանցք է:
Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով եւ ռուս խաղաղապահներով: Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ: Հետեւաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:
Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը` կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ` բոլոր ճանապարհները, եւ ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց եւ Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ շփումից:
Թեեւ մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումն արտապատվիրակելուն, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները` Հայաստանի սահմանը: Եվ ամենակարեւորը` բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու եւ համագործակցություն սկսելու ոգով եւ ոչ թե մեկուսացման ոգով»:
comment.count (0)