Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|
12:55 - 28 նոյեմբերի, 2022

Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|

factor.am: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը։ Այստեղ մանրամասն նկարագրվում է, թե, ըստ դատարանի, ինչ հանգամանքներ են հաստատված համարվել, ինչպես է տեղի ունեցել Մաքային պետական ծառայության նախին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը, ով ինչ դերակատարում է ունեցել դրանում։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Այս գործով Արա Կարապետյանը, Արմեն Նիկողոսյանը և այլ անձինք 2010 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական հետապնդում է սկսվել նաև Լևոն Սարգսյանի ու վերջինիս փեսայի՝ Սուրեն Ղազարյանի նկատմամբ։ Վերջիններս 2022 թվականի մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել։

Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որտեղ այժմ, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Արշակ Վարդանյանի, քննվում է։

Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել հետևյալ հանգամանքները․

Ամբաստանյալ Լևոն Սարգսյանը, նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել գործով տուժող, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հետ, սակայն 2008 թվականին վերջիններիս հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով Լևոն Սարգսյանը որոշել է պատժել Արմեն Ավետիսյանին և ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակել Արմեն Ավետիսյանի տնից: Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին, և Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ, իմանալով նրա և Արա Կարապետյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառից ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման մասին, որոշել է Ավետիյանի տան վրա ավազակային հարձակումն իրականացնել նշված հանցավոր խմբի ուժերով:

Ամբաստանյալ Լևոն Սարգսյանի քրոջ ամուսին, ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը, տեղեկանալով վերը նշված հանցավոր մտադրության մասին, իր համաձայնությունն է տվել օժանդակել այդ հանցագործության կատարմանը, և նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը և այդ հանգամանքի բերումով այցելած լինելով Արմեն Ավետիսյանի առանձնատուն, իմանալով դրա կառուցվածքը և այլ մանրամասներ, պատրաստակամություն է հայտնել տեղեկություններ տրամադրել և այդ կերպ ավազակային հարձակումը և այդ ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելն առավել դյուրին և առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով մանրամասն նկարագրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծած հանցավոր համագործակցության անդամների ուժերով այդ մտահղացումն իրականացնելու նպատակով Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին առաջարկել է կազմակերպել Սուրեն Ղազարյանի և Արմեն Նիկողոսյանի հանդիպումը՝ հարձակման մանրամասները քննարկելու համար, ինչին Արմեն Նիկողոսյանը համաձայնել է: 2008 թվականի հոկտեմբերի սկզբին Արա Կարապետյանի կողմից կազմակերպվել է վերջիններիս հանդիպումը, և Սուրեն Ղազարյանը Արա Կարապետյանին պատկանող Կոշիկի աշխարհ խանութի հանգստի սենյակում հանդիպել է Արմեն Նիկողոսյանին, նրան տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը, մանրամասն նկարագրել է առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը:

Այնուհետև, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող բիլիարդ խաղի համար նախատեսված սրահում Լևոն Սարգսյանը Սուրեն Ղազարյանի և Արա Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու վճռականությունը։

Ըստ պայմանավորվածության՝ Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներ Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին և Սուրեն Մելքոնյանին, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ Արսեն և Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին, ինչպես նաև կազմակերպված խմբում որպես նոր անդամներ ընդգրկված Նիկոլայ Խաչիկյանին և Աշոտ Խաչատրյանին։

Կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100․ 000-ական ԱՄՆ դոլար։

Իսպանիայում գտնվող Բագրատ Սողոմոնյանի ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝ զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Արմեն Նիկողոսյանն Արսեն Սողոմոնյանին է տվել 5․000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող՝ 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Արսեն Սողոմոնյանը տվել է Հայկ Մելքոնյանին։

Արմեն Նիկողոսյանի կողմից Հայկ Մելքոնյանին է տրվել նաև Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բագրատ Սողոմոնյանը վերադարձել է Իսպանիայից, իսկ Արսեն Սողոմոնյանի կողմից ձեռք է բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք։ Հագուստը հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել է սև գույնով, համազգեստների վերին, մեջքի մասում կատարվել է ռուսերեն «սպեցնազ» գրառումը՝ բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։

Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները` Արսեն և Բագրատ Սողոմոնյանները, Հայկ Մելքոնյանը, Հովհաննես Նազարյանը, Նիկոլայ Խաչիկյանը, Աշոտ Խաչատրյանը և Արշակ Գրիգորյանը 2008 թվականի հոկտեմբերի 26-ին՝ երեկոյան հավաքվել են վերջինիս կողմից Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված բնակարանում, ուսումնասիրել Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել է նախապես ձեռք բերված` իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը, համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Մասնավորապես` Բագրատ Սողոմոնյանին հանձնարարվել է զինաթափել և վնասազերծել տան տարածքում անվտանգություն ապահովող անձին, Աշոտ Խաչատրյանին և Արսեն Սողոմոնյանին՝ վարել վերջինիս և Նիկոլայ Խաչիկյանի տրամադրության տակ գտնվող, համապատասխանաբար՝ «Նիվա» և «ԳԱԶ-31» մակնիշների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ հանցագործության կատարման ընթացքում մնալ ավտոմեքենաների մեջ և վերահաս վտանգի առաջացման դեպքում ահազանգել բնակարան մուտք գործած մյուս մասնակիցներին, իսկ մյուսներին՝ Բագրատ Սողոմոնյանի հետևից, պարսպի դարպասներից թռչել տան հարակից տարածք, մուտք գործել բնակարան և ատրճանակների գործադրման սպառնալիքով կպչուն ժապավենով կապել տանը գտնվող անդամների ձեռքերն ու ոտքերը, սենյակներում փնտրել ոսկյա զարդեր, արժեքավոր իրեր և գումար, դրանք տեղավորել իրենց հետ վերցվող պայուսակում, որից հետո դուրս գալ տնից և հեռանալ։

Աշոտ Խաչատրյանի և Նիկոլայ Խաչիկյանի նախաձեռնությամբ վերջիններս մեկնել են Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի 6-րդ շենքի մոտ և այնտեղ տեղակայված կիսակառույց ավտոտնակում կայանված, որպես «ՍԱՐ-ՍԵՐ ՍՊԸ» սեփականություն հաշվառված, սակայն փաստացի Արմենակ Մայիլյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայից նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել են 252ՍԼ65 սերիայի 2 պետհամարանիշները, դրանք տեղադրել են վերը նշված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Հանցավոր համագործակցության ղեկավարների կողմից որոշվել է ավազակային հարձակումն իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ինչի մասին Արմեն Նիկողոսյանը հանդիպման ժամանակ հայտնել է Լևոն Սարգսյանին։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել