tert.am: Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է. արդյոք կստացվի մինչև տարեվերջ իրականացնել, դա ցավոք, միայն մեզնից չի կախված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշեց, որ իրավիճակը փակուղային չեն համարում։ Հայաստանը հանդիպման մասին իր պայմանավորվածությունից հետ չի կանգնել։
«Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատեն, որ հանդիպում դեկտեմբերին կայանա։
Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի կոնտեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Գործընթացներն, այո, ենթադրում են հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլ, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում»:
Խոսելով սահմանին տիրող լարվածության մասին հարցին, Աղաջանյանը նշեց․«Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում»:
«Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով և ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող և այդ օրակարգի մաս: Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվել է դա իրականացնել, ցավոք ոչ, ինչը չի նշանակում, որ որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»:
comment.count (0)