Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի․ Միքայել Նահապետյան
08:07 - 03 մայիսի, 2019

Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի․ Միքայել Նահապետյան

lragir.am։ Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

Գլխավոր դատախազն ԱԺ-ում նշել է, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք ձեր պահանջը կբավարարվի՞։

Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազը վարվել է այնպես, ինչպես պետք է վարվեր։ Դա դրական է, ողջունելի։ Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն որպես ինքավար մարմին իրեն կդրսևորվի որպես ՀՀ հատուկ քննչական ծառայություն, կապահովի օբյեկտիվ, համալիր, բազմակողմանի քննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական, քննչական գործողություններ կատարելով, գնահատական կտա փաստերին ըստ դրանց արժանահավատության, այլ չի առաջնորդվի մեկնաբանություններով, այդ թվում մեր մեկնաբանությաններով կամ ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարություններով։ Հույս ունեմ, որ տեղի կունենա փաստերի ստուգում, ոչ թե փաստերի հայեցողական գնահատում։

Սա նախադեպ կդառնա՞ բիզնեսի և քաղաքականության տարանջատման համար։ Իշխանությունը Գագիկ Ծառուկյանին համարում է սեփականատեր։ Եթե իրավապահ մարմիններն ընթացք տան, և պարզվի, որ նա նաև գործարար է, չի՞ ստացվի, որ իշխանությունն ինքն իր դեմ է գնալու։

Հանրային իշխանությունը բալանսավորված և բազմաճյուղ պետք է լինի, և այդ ճյուղերից մեկը իրավապահ մարմիններն են՝ գումարած դատական իշխանությունը։ Այդ բալանսավորման նպատակը իշխանությունը քաղաքական շարժառիթներից զերծ պահելն է։

Այսինքն, երբ քաղաքական գործիչն անում է հայտարարություններ, այդ համակարգի բալանսավորումը նրա համար է, որ հետո ամբողջ համակարգը չզբաղվի այդ հայտարարությունները վերահաստատելով։ Ինչ վերաբերում է նրան, որ այդպիսի զարգացումներ տեղի ունենան, և դա ապացուցվի, դա հիմք կհանդիսանա Հայաստանում քաղաքական և տնտեսական կյանքը նորովի կարգավորելու համար:

Ես հատուկ ուզում եմ նշել, որ այստեղ խնդիրը Գագիկ Ծառուկյանի անձը չէ, այստեղ խնդիրը նրա սեփականությունը չէ, ավելին, մեր միակ մղումը նրա սեփականության համար լավագույն պաշտպանության երաշխիքների ապահովելն է, որպեսզի ինքը վերջապես կարիք չունենա պետական ապարատում գտնվելով՝ իր սեփականության համար պաշտպանության երաշխիքներ ապահովելու։

Մեր խնդիրը պետական ապարատի առողջացումն է այն առումով, որ որևէ գործարար չլինի այնտեղ, այդ թվում չլինի Գագիկ Ծառուկյանին մրցակից գործարար, որը կսկսի արդեն Ծառուկյանի բիզնես շահերը ոտնահարել։ Այսինքն՝ երբ մենք խոսում ենք խնդրի մասին, խոսում ենք բոլորի համար։

Մեր խնդիրը չէ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չլինի, մեր խնդիրն այն է, որ նաև նրա մրցակիցները չլինեն, նրա գործընկերները չլինեն, որ պետական ապարատը հանրային շահով առաջնորդվի։ Այսպիսի հնարավորություն կստեղծվի, եթե գործընթացը գնա այն տրամաբանությամբ, որը պատկերացնում և ակնկալում ենք մենք։

Ավելին՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել