Միրզոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը
10:07 - 01 դեկտեմբերի, 2022

Միրզոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը

Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: 

Նախարար Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: 

Անդրադառնալով սեպտեմբեր 13-14 Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։

Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել