Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին
12:02 - 01 դեկտեմբերի, 2022

Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին

Այսօրվա նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի, որի նպատակը անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։

Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն․ «Երբ առաջին շինարարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»։ 

Խաչատրյանն ասաց՝ կարծում են, որ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են, ուստի այս առնչությամբ երկու կարգավորում են առաջարկում․ «Մի օրինակ բերեմ․  Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500.000 դրամ՝ շինթույլտվություն ստանալու համար։ Առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափերը բարձրացնել․ տարբերակելով ըստ գոտիականության՝ այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ։ Այսինքն՝ Երևանի 1-4 գոտիներում շինթույլտվություն ստանալու համար այլևս 1 քմի հաշվով շինթույլտվությունը առաջին անգամ ստանալու տեղական տուրքը  5000 քմ-ի համար կկազմի ոչ թե 500․000 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ։ Նախատեսում ենք, որ սահմանված ժամկետում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինթույլտվությունը ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է»։

Նախարարն ընդգծեց՝ Երևանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր շենքերի ու շինություններին՝ ներառյալ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ, անհատական բնակելի տներ, Երևանից դուրս վերաբերելու բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին․ «Այսինքն՝ բնակելի տները այս կարգավորումների ուժով բարձրացված դրույքաչափի կարգավորումների տակ չեն ընկնի, և սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի, այսինքն՝ մենք այս տարբերակված մոտեցումները չենք նախատեսում կիրառել սահմանամերձ գոտիներում իրականացվող շինարարության նկատմամբ»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ականատես են լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական «փոս» է ստեղծվում և դա տարիներով, երբեմն տասնամյակներով շարունակվում է։ Ըստ Փաշինյանի՝ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, ստեղծում է անհարմարություններ, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել