armenpress.am: Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: Նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:
Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ․
«Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի․
«Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:
Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
comment.count (0)