Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:
Արցախի բնապահպանության կոմիտեն՝ որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին՝ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։
Հիշեցնենք, որ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ապա պաշտոնական Բաքուն տեղեկացրել է, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:
comment.count (0)