2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին զուգահեռ Հայաստանը հայտնվեց արտաքին և ներքին ռազմաքաղաքական էական գործոնների բախման կիզակետում, որի արդյունքում ձևավորվեց տուրբուլենտ իրավիճակ։ Դրան բնորոշ երբեմն անհաղթահարելի էմոցիոնալ ֆոնի առկայության պայմաններում բավական բարդ էր մի պահ կանգ առնել և սառնասրտորեն ու հավասարակշռված վերլուծել օպերատիվ իրավիճակը, լուծումներ տալ մարտավարական ու ռազմավարական բնույթի խնդիրներին՝ հաշվի առնելով սեփական սխալներն ու բացթողումները, ինչպես նաև ներքին ու արտաքին սպառնալիքների ողջ համակարգը:
Այնուամենայնիվ, այդ աշխատանքն արվել և արվում է մշտապես (այլ հարց է՝ որքան ճշգրիտ ու արդյունավետ), և կատարված այդ աշխատանքի հիմքի վրա է խարսխվում Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխմանն ուղղված ծրագիրը:
Չնայած Հայաստանի համար պատերազմի աղետալի հետևանքներին, որոնք արդյունքն էին տասնամյակների ընթացքում առաջ եկած տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ բացթողումների (այդ թվում համակարգային գործոնների ազդեցությամբ` իրավակառավարչական, կադրային, լոգիստիկ, կոմունիկացիոն, ռազմատեխնիկական, մարտավարական, ռազմավարական և այլն), այնուամենայնիվ, Հայաստանի զինված ուժերը և հայ զինվորը 44 օր շարունակ աննկարագրելի խիզախությամբ ու պատվով մարտնչեցին առնվազն վեց անգամ գերազանցող թշնամու դեմ և այսօր էլ շարունակում են փառքով կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Այս փաստն արձանագրելով՝ պետք է հստակ գիտակցել, որ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ակնհայտ անհավասարակշռության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը դեռևս չի կարող համարժեք ու լիարժեք դիմակայել հակառակորդին: Նման հետևության ենք գալիս՝ համադրելով ու հաշվի առնելով հակառակորդի և Հայաստանի զինված ուժերի ռեսուրսների որակն ու քանակը, զինված ուժերի կառուցման փիլիսոփայությունը, միջոցների որակական ու կիրառման արդյունավետությունը, օպերատիվ-մարտավարական, ռազմավարական խնդիրների ճշգրիտ, իրատեսական գնահատումը և ձևակերպումները:
Հատկապես պետք է նշել, որ դեպի ժողովրդավարություն անցումային փուլում դեռևս կարևոր է հաղթահարել զինված ուժերը քաղաքացիական հասարակությունից տարանջատված լինելու հանգամանքը, տասնամյակներ շարունակ բանակում արմատավորված կոռուպցիոն ավանդույթներն ու ներմուծված քրեական ենթամշակույթին բնորոշ սովորույթները, ոչ կանոնադրային հարաբերություններն ու բարեվարքության կանոնների անտեսումը, կարծրատիպացած մտածելակերպը և կաղապարված մոտեցումները, այդ թվում՝ հստակ ձևակերպված տեսլականի բացակայությունը։ Ըստ այդմ՝ պետք է փաստել, որ չի կարելի միայն զինված ուժերի վրա դնել հակառակորդին դիմակայելու պարտավորությունն ու դրա պատասխանատվության ամբողջ բեռը՝ օժտելով նրան մենաշնորհային, «արտոնյալ» կարգավիճակով: Հայաստանի Զինված ուժերն այլևս չի կարող գործել առանձին, մեկուսացված ու կղզիացած միջավայրում:
Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել։ Մեր տարածաշրջանում և դրան մերձ տարածքում մեր հարևաններից որոշների ագրեսիվ քաղաքականությունն օրեցօր մեծացնում է կոնֆլիկտայնությունը, իսկ ռազմական բնույթի անմիջական սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ:
Ուսումնասիրելով համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները և այն գործոնները, որոնք արդիական պահանջներին համահունչ վերանայվում են ռազմագիտության դասական մոտեցումներում, պարզ երևում է, թե ինչպես է մշակվում, կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմ վարելու ռազմաքաղաքացիական խելամիտ և արդյունավետ գործիքակազմը՝ կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, տեխնոլոգիապես հագեցված, ռազմականացված ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ուստի կարելի է հստակ փաստել, որ պատերազմ վարելու մարտավարությունը և օպերատիվ արվեստն այլևս հեռու են իրենց դասական ընկալումներից:
Այս փաստերը և աշխարհի փորձարարությունը հաշվի առնելով՝ հստակ է, որ Հայաստանի նման փոքր չափերով, ռազմավարական խորություն չունեցող, բնակչության թվով և սահմանափակ ռեսուրսներով երկրի ազգային և պետական անվտանգությունն ապահովելու համար պահանջվում է ամբողջ բնակչության ներգրավումը պետության պաշտպանության գործում՝ ձևավորելով անվտանգային ռազմաքաղաքացիական նոր համակարգ։ Որքան էլ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունը, անշուշտ, խաղաղության մեջ ապրելն է, սակայն փաստ է, որ մեզ նման փոքր պետությունները պետք է մշտապես ցուցաբերեն ինքնիշխանության պաշտպանության պատրաստակամություն և կամք։ Միայն այս պարագայում է հնարավոր այն պահպանել և իրական գործընկերներ ձեռք բերել։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրը յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն ու պարտականությունն է։ Որպեսզի մեր պետությունը կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են, և ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, այս գործընթացի մեջ պետք է ներգրավված լինի յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ոչ թե անհատական, այլ համակարգային մակարդակում, ինչը պետք է արտացոլվի Պաշտպանության նախարարության և ոլորտային այլ գերատեսչությունների, ոչ պետական կազմակերպությունների ազգային, մարզային և տարածքային մակարդակում փոխհամագործակցության միջոցով։
21-րդ դարի անվտանգային միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության և անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես նախապատրաստել հասարակությանը, իսկ պատերազմի ժամանակ, ճգնաժամից արագորեն դուրս հանելով, ներգրավել անվտանգությունը ապահովման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել հասարակական ողջ ներուժը։ Այս մոտեցումը նորություն չէ և ժողովրդավարական բազմաթիվ երկրներում ներդրված համակարգ է։ Այսպիսի համակարգ ունեն հաստատված ժողովրդավարական պետությունները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, և այլ երկրներ։ Այս մոդելը կոչվում է «համապարփակ մոտեցում անվտանգությանը» (Comprehensive approach to Defence)։ Իսկ Ուկրաինան, որն ունի այս համակարգի կարևորագույն էլեմենտներից մի քանիսը, ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության ժամանակ ցույց է տալիս դրա նաև պրակտիկ կենսունակությունը ու արդյունավետությունը։ Այս մոտեցման հիմնական սկզբունքների հիման վրա վերջերս փոխվեց Ղազախստանի ռազմական դոկտրինը։
Այսպիսի մոտեցումը նպատակ ունի զսպելու արտաքին ագրեսիան, ողջ հասարակությանը պատրաստել դիմագրավելու պետության և հասարակական կայունության սպառնալիքներին, օգնել երկրի վերակառուցմանը, ստեղծել ճգնաժամերի, արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ հասարակության բոլոր շերտերի համախմբված ներգրավվածություն՝ որպես միասնական, համահունչ, բազմամակարդակ անվտանգության համակարգ։ Նման համակարգի առանցքային և կարևորագույն էլեմենտ է քաղաքացու դիմակայունությունը արտակարգ և ռազմական իրավիճակում, երբ հանրության անդամը պատրաստ է և կարող է իրեն պահել տոկուն, ադեկվատ՝ արձագանքելով այդ իրավիճակներին։
Այս համակարգը ներդնելը մեր պետությանը հնարավորություն կտա անվտանգային ներուժը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու անհրաժեշտ կարողության ձևավորվամբ։
Շատ կարևոր է արձանագրել, որ պատերազմից հետո այս համակարգին բնորոշ տարրերը, մասնավորապես՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Ռազմամարզական գործունեության մասին» նոր օրենքները, տարածքային պաշտպանության ու պահեստային ուժերի համակարգի ստեղծման, և որքան էլ դանդաղ, բայց այնուամենայնիվ կայացման ուղղված միտումները, հրաձգային հայեցակարգի վերակենդանացումը, քաղպաշտպանության սկզբունքների վերանայման միտումները, «պրոֆեսիոնալ բանակի» ձևավորմանն ուղղված քայլերը, մոբիլիզացիոն համակարգի պատրաստման էության և ժամանակահատվածի փոփոխության մշակումների միտումները ակամայից ինքնաբուխ են ստեղծվել, ձևավորվել ու զարգանում։ Եւ պետությունն ուղղակի պետք է որդեգրի այս համակարգի կայացման քաղաքականությունը, մշակի պատշաճ օրենսդրական բազա և, ճշգրիտ կոմունիկացնելով, մոդերացիա իրականացնի՝ վերջնական ձևավորում տալով այս համակարգին։
Այս հոդվածի նպատակն է ոչ միայն ներկայացնել իմ անձնական համոզմունքը և տեսլականը Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի մոտեցումների լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ, այլև շատ ավելի լայն հանրային քննարկում հրահրել այս համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ ներգրավելով թե՛ պատասխանատու պաշտոնյաներին, թե՛ մասնագիտական, թե՛ հանրային այլ սեկտորների ներկայացուցիչներին, առավել ևս, որ մեր երկրում կան բազմաթիվ մասնագետներ և շահագրգիռ քաղաքացիներ, որոնք «Համապարփակ անվտանգային համակարգի» մոտեցումների մասին ավելի մանրակրկիտ պատկերացումներ ունեն, և որոնք նպաստել են այս գաղափարի լայն տարածմանը և ընկալմանը։
Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան
comment.count (0)