Անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումը․ Արա Ֆիդանյան
12:10 - 06 դեկտեմբերի, 2022

Անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումը․ Արա Ֆիդանյան

Այսօր Ազգային ժողովի նիստին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը անդրադարձավ նույնականացման քարտի տրամադրման համար առաջացած հերթերին՝ նշելով, որ քաղաքացիները արդարացիորեն բողոքում են դրանց տրամադրման հետ կապված խնդիրներից։ 

Արձագանքելով Բաթոյանին՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործում են նույնականացման քարտեր, բոլորին տրամադրվում են քարտերը․ դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ․-ի փետրվարի 15-ը։ Դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի։ Ինչ վերաբերում է Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին, նախ պետք է նշեմ, որ  այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են, և բացի այդ՝ արդեն իսկ անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է այդ հերթերի կուտակումը։ Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել տարածքային ստորաբաժանումներում»։

ՔՊ-ից Արսեն Թորոսյանն էլ, արձագանքելով փոխոստիկանապետի խոսքին, ասաց՝ պատասխանները այդքան էլ գոհացուցիչ չեն․ «Լինելով ՀՀ քաղաքացի՝ լավ չեմ պատկերացնում՝ ինչպես է տվյալ դեպքում Ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը։ Արդյոք ես կարիք ունե՞մ ID քարտի, թե չունեմ այդ կարիքը։ Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող են նաև լինել, օրինակ, խնամի-ծանոթ-բարեկամ լուծումներ, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ծանոթն է, ապա կարող է պարզվի, որ իր կարիքը իրոք կարիք է, իսկ մեկ ուրիշի կարիքը այդքան էլ իրական կարիք չի։ Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն, նաև հաշվի առնելով մեծ պահանջարկը (ես չեմ ասում, որ Անձնագրերի և վիազների վարչությունը վատ է աշխատում, հակառակը ծանրաբեռնված է աշխատում) պետք է պարզապես ապահովել պատշաճ մատակարարումներ և հզորությունների մեծացում»: 
 
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ ասաց․ «Նույնականացման քարտերը 2020 թ․-ին տրամադրվել է 70. 273, այս տարի դեռ դեկտեմբերի 1-ի դրությամբ 155.766։ Այսինքն՝ ակնհայտ է ծավալի աճը։ Իմ խոսքում ես նշեցի, որ մեր նպատակն է նաև ապագա սերնդի տեղեկատվական միջոցներով հագեցված նույնականացման քարտեր և անձնագրերի ներդրումը։ Խնդիրը նաև նրանում է, որ այն էլեկտրական կրիչները, որոնք մեր կողմից օգտագործվում էին, դրանք ներդրվել են դեռևս 2011 թ․-ին, այլևս չեն համապատասխանում չափորոշիչներին և չեն էլ արտադրվում, հետևաբար պաշարներով համալրվելը իրատեսական չէր։ Դրանով է պայմանավորված նաև, որ անցում կատարեցինք այս մոտեցմանը»: 

Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց նաև՝ ինչու են կենսաչափական անձնագրերի տրամադրումը մեկ տարով կասեցնում՝ հաշվի առնելով, որ դրանք կարծես թե ինչ-որ պահանջների առումով ավելի լավն էին կամ ավելի մոդեռն էին, քան սովորական անձնագրերը․  «Փաստացի, հիմա նույնիսկ այն քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագիր, որի ժամկետը լրանում է, օրինակ, հունվարի 15-ին, ստիպված է լինելու անցում կատարել հին տեսակի անձնագրին, կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»: 

Ֆիդանյանն էլ ասաց՝ հետընթաց միանշանակ չենք ապրում․  «Որովհետև բավականին լուրջ ընկերությունների հետ աշխատանքներ ենք տանում, արդեն ունենք բավականին լուրջ խորհրդատվական ընկերություններ, որոնց հետ տարվում են համապատասխան գործողություններ առավել ժամանակակից համակարգի ներդրման համար։ Այս փոփոխությունները բացառապես ժամանակավոր բնույթ են կրում և վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց ականտես կլինենք ամբողջ թվային համակարգի գերարդիականացված համակարգ ունենալու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել