Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան
14:12 - 06 դեկտեմբերի, 2022

Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդոււարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։

«Այո, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների, այսինքն՝ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների։ Եվ քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները»,- նշեց Աղաջանյանը։ 

Բայրամովը նաև հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում տեղի ունենա կամ բանակցություններ սկսվեն, Աղաջանյանը ասաց․

«Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների մակարդակով կամ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել