Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան
17:37 - 06 դեկտեմբերի, 2022

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը։ Այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

«2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի։ Անչափ կարևոր է ոչ միայն բուն արտահանձմնման փաստը արձանագրելը, այլ այն, որ արտահանաձնման մոտիվը Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների տրամադրման խոսոտւմն էր։ Փաստորեն, Հունգարիան արտահանձնել է մարդասպան Սաֆարովին, հետո էլ վերջինս հերոսացվել է Ադրբեջանում, իսկ Հունգարիան լռել է, չ իդատապարտել, կոչ չի արել, որպեսզի Ադրբեջանը անվերապահորեն կատարի Հունգարիայի դատարանի վճիռը, և ինչն առավել կարևոր է, չի զղջացել և ներողություն չի խնդրել»։ 

Աննա Գրիգորյանն ասաց՝ այսօր Հունգարիան  դիտորդի կարգավիճակ ունի Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, ավելին՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը թյուրքալեզու պետությունների ֆորումը համարել էր խաղաղության ֆորում, որ իր համերաշխությունն էր հայտնել Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում․ «Փաստորեն, Հունգարիան ոչ միայն տարիներ առաջ, այլ նաև այսօր արդարացնում է Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամաբ իրականացվող մարդասպան քաղաքականությունը, իսկ այսօր գործող իշանությունը հարաբերությունների կարգավորման համար որպես պատճառ նշում է, թե Հունգարիան կորոնավիրուսի ընթացքում պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին, միջնորդել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում և այլն»։ 

Պատգամավորի խոսքով, սակայն, Հունգարիան մեղքը դրանում չէ․ «Հունգարիան աճուրդի էր հանել հայ մարդու՝ Գուրգեն Մարգարյանի արյունը, և եթե ՀՀ-ն գնում է հարաբերությունների կարգավորման՝ առանց Հունգարիայի կողմից այս մեղքի ընդունման, զղջման, նշանակում է՝ Հայաստանը ևս համերաշխ է Հունգարիայի կողմից ժամանակին կայացված այս որոշման հետ»։ 

Գրիգորյանը հավելեց՝ այս ամենը զարմանալի չէ․ Ի վերջո այս մարդիկ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշ չպետք է լինի, սփյուռքը  թող զբաղվի այս հարցով, մարդիկ են, որոնց համար մեր ռազմագերիները մի երկու ամիս էլ կսպասեն Բաքվի բանտերում, իսկ ոմանք էլ կասեն, որ գերիները իրենց համար ընդհանրապես գոյություն չունեն, մարդիկ, ովքեր ամենաշքեղ տոնակատարությունն  են կազմակերպում Երևանի կենտրոնում, երբ դեռ սահմաններին, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մեր զինվորների մարմիններն են գտնվում։ Սա վերաբերմունք է հայ մարդու նկատմամբ, ում առջև նրանք տարիներ առաջ խոնարհվում էին։ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել