Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

 |armenpress.am|
17:57 - 07 դեկտեմբերի, 2022

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել