Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է
12:59 - 13 դեկտեմբերի, 2022

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

ՀՀ վարչական դատարանում երեկ սկսվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նախորդ ամիս դատարանը նախքան դատական նիստ հրավիրելը բավարարել է այն, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունը, որը գործով որպես երրորդ անձ է ներգրավվել, իր հերթին միջնորդել է դատարանին վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։ 

Դատարանը արգելեց նիստի լուսանկարահանումը 

Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը դատարանում քննվում է դռնբաց (բացառությամբ օրենքով սահմանված հիմքերի), որին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն, իսկ լուսանկարահանումը, նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, կատարվում է դատավարության՝ նիստին ներկա մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ: Ըստ նույն  հոդվածի՝ եթե դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:

Երեկվա դատական նիստին, երբ Infocom–ը խնդրեց դատարանի թույլտվությունը նիստի լուսանկարահանման համար, նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը առանց կողմերի դիրքորոշումը ճշտելու հայտարարեց, որ չի թույլատրում իրեն լուսանկարել։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն իրենց լուսանկարելու վերաբերյալ, ինչին արձագանքելով՝ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավորը, արձանագրելով, որ կողմը եւս դեմ է, ցանկացավ շարունակել նիստը, սակայն մենք խնդրեցինք հայտնել մյուս կողմերի՝ հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումը՝ մեջբերելով նաեւ վերոնշյալ հոդվածի պահանջները։ Դատավորը, սակայն, նշեց, որ մենք անհարկի ձգձգում ենք դատական նիստը եւ այդպես էլ առանց հայցվորի ու պատասխանողի դիրքորոշումը սահմանված ընթացակարգով ճշտելու՝ սահմանափակեց լուսանկարահանման մեր իրավունքը։ 

Թեեւ նիստը դռնբաց էր, ՊՈԱԿ–ի բազում գիտաշխատողներ հնարավորություն չունեցան ներկա գտնվելու նիստերի դահլիճում, քանի որ այն չափազանց փոքր էր, տեղերը՝ խիստ սահմանափակ։ Արդյունքում, վերջիններս ստիպված եղան դռան հետեւից՝ միջանցքից, ոտքի վրա հետեւել նիստի ընթացքին։

Կառուցապատող ՓԲԸ–ի կարծիքով՝ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը 

Ներկայացնելով միջնորդությունը՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նախ հայտնեց, որ նախքան շինթույլտվությունը ստանալը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով․ «Մինչ այս գործող ջրանցքը անցնում էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության պողոտա 26/1 հասցե հողատարածքով։ Ըստ հաստատված նախագծի՝ պետք է իրականացվի արդիականացում եւ շրջանցում, որպեսզի ընկերության հողատարածքից դուրս լինի ջրանցքը, միեւնույն ժամանակ քանի որ ջրանցքը նախկին կառույց է, բաց ջրատարով է հոսում, արդիականացման արդյունքում ժամանակակից խողովակաշարով է անցնելու եւ նախ, խուսափելու ենք ջրի կորստից, որովհետեւ մինչ այս կատարված հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տոկոս կորուստ է եղել, դրանից բացի, նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն է բարելավվելու, տարածքն ասֆալտապատվելու է, բերվելու է բավականին նորմալ տեսքի»,– նշեց նա՝  հավելելով, որ դրա արժեքը մոտ 87 միլիոն դրամ է, ինչը ՓԲԸ–ն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին։

Դատավոր Արգիշտի Ղազարյանը ընդգծեց, որ ոչ ոք, այդ թվում՝ հայցվորը, չի առարկում, որ բարեկարգման կամ խնայողության տեսանկյունից նախաձեռնությունը պիտանի է, այլ նշում է, որ այն շինարարությունը, որ իրականացվում է, եւ այն մեթոդով, որ իրականացվում է, վտանգ է ներկայացնում ՊՈԱԿ–ի եւ ՊՈԱԿ–ի աշխատակիցների համար։ Սա հաշվի առնելով՝ դատավորը հորդորեց միջնորդությունը ներկայացնել այս մտավախությունը փարատելու համատեքստում։

Շարունակելով իր ելույթը՝ Մարիամ Ղուլյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վարչական ակտի կասեցման հիմքերի վերաբերյալ, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ եւ դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձեւավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանություն։ Ըստ Ղուլյանի՝ հայցվորի միջնորդությամբ չի ապացուցվել հիմնավոր կասկածը, որ շինարարությունը վերջինիս զգալի վնաս կպատճառի․ «Միջնորդությամբ նշվել է, որ ծանր տեխնիկայի կիրառումը վտանգում է աշխատակիցների կյանքն ու առողջությանը, վնաս է պատճառում լաբորատորիայում գտնվող գերզգայուն եւ թանկարժեք սարքավորումներին, սակայն այդ սարքավորումների ցանկը, ինչպես նաեւ տատանման մասով որեւէ հիմնավորում չի ներկայացվել»,– ասաց նա։

Ղուլյանի խոսքով՝ շինաշխատաքների հիմնական մասն արդեն իսկ արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ․ «Իսկ նման վերացական հիմնավորմամբ կարելի է միջնորդել, որ կասեցվի ՀՀ տարածքում իրականացվող բոլոր շինաշխատանքները, որովհետեւ միշտ էլ կարող են ձայնի կամ այլ առումներով փողոցի շինաշխատանքները որեւէ մեկին անհարմարություն պատճառել, բայց դա չի նշանակում, որ պետք է որեւէ շինաշխատանք ՀՀ–ում չիրականացվի»։ Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՓԲԸ–ն, դրսեւորելով բարձր պատասխանատվություն, կնքել է պայմանագիր, որի շրջանակում պետք է իրականացվի հետազոտություն եւ տրվի եզրակացություն՝ շինաշխատանքների արդյուքնում հայցվոր ընկերության շենքի կոնստրուկտիվ տարրերի եւ այդ շենքում սարքավորումների վրա ազդեցության մասով։ Բացի այդ, կնքել է ապահովագրական երկու պայմանագիր, որով ապահովագրվել են շինաշխատանքների հետեւանքով երրորդ անձանց պատճառված մարմանական եւ գույքային վնասները։

Մարիամ Ղուլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքների կատարումը կրում է հրատապ բնույթ, քանի որ ջրատարը ունի հանրային մեծ նշանակություն․ այն միակ ջրատարն է, որ սպասարկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական տարածքների կանաչապատ տարածքների եւ անտառտնտեսությունների, ինչպես նաեւ Ջրաշեն, Մուշավան, Նոր Խարբերդ այգեգործական ընկերությունների ոռոգման ջրի մատակարարումը․ «Առկա պայմաններում հիշյալ շրջանները ամբողջովին կզրկվեն ոռոգման ջրի մատակարարումից, իսկ շինարարության նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընտրությունը պայմանավորված է հենց ոռոգման սեզոնի ավարտով, երբ հնարավոր է եղել ջրատարը ապամոնտաժել»,– ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքները ավարտել մինչ 2023 թ ոռոգման ժամանակաշրջանը՝ մարտ ամիսը։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը միացավ ՓԲԸ–ի դիրքորոշմանը։

Դատավորը խնդրեց հայտնել միջնորդության իրավական հիմքերը

Նախագահող դատավորը հիշեցրեց, որ շինաշխատանքները կասեցնելու մասին դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կողմը իրավունք ուներ այն բողոքարկել վերադաս դատարանում, եւ խնդրեց հայտնել, թե իրավական ինչ հիմքով է ՓԲԸ–ն միջնորդություն ներկայացնում նույն դատարանին, այլ ոչ թե բողոք՝ վերադաս, այսինքն՝ Վերաքննիչ վարչական դատարանին։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը նշեց, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք եւս ներկայացվել է, սակայն այն դեռեւս չի քննվել։ Միեւնույն ժամանակ Ղուլյանը կարծիք հայտնեց, որ նույն դատարանը եւս զրկված չէ իր որոշումը փոխելու հնարավորությունից եւ մեջբերեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, որի հիման վրա էլ նա ներկայացրել է միջնորդությունը։ 

Հիշյալ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:

Դատավորը, սակայն, նշեց, որ հիշյալ հոդվածը կասեցման որոշումը փոփոխելու լիազորություն դատարանին տալիս է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կողմի միջնորդության հիման վրա, ապա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այն իրավիճակի հանգուցալուծումը, երբ ինքը, ենթադրենք, բավարարի կառուցապատողի միջնորդությունը, շինաշխատանքները վերսկսվեն, որից հետո Վերաքննիչ դատարանը մերժի ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ կասեցման որոշումը, ամեն դեպքում, օրինական էր։ Այդ դեպքում ծագելու է այն հարցը, թե որ դատարանի որոշումն է պետք հիմք ընդունել․ «Եթե այս միջնորդության քննության արդյունքում կայացվի կասեցումը վերացնելու որոշում, ապա Վերաքննիչ դատարանում տվյալ բողոքի շարունակության իմաստը այլեւս չի լինի»,– պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ առկա է այդպիսի դատական պրակտիկա։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ շինաշխատանքները կասեցնելու որոշում կայացնելիս դատարանի տրամադրության տակ միայն հայցվոր կողմի ապացույցներն են եղել, եւ այս առումով իրենց դիրքորոշումը կարող է նշանակալից լինել։

Տիգրան Նաղդալյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը

ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը մի շարք հարցեր հղեց կառուցապատող ընկերությանը` այդ թվում, հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, թե ՊՈԱԿ–ի տարածքում քիմիական ինչ նյութեր են պահվում, վտանգավորության ինչ աստիճան ունեն դրանք, ինչ սարքեր են առկա եւ ինչ նշանակության։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ նախքան շինաշխատանքների կատարումը իրենք դիմել են՝ խնդրելով տրամադրել հիշյալ սարքավորումների, նյութերի ցանկը հենց այդ ամենը հասկանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ 

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չեն պատասխանել դիմումին, ինչին արձագանքելով՝ Նաղդալյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ «Հայտնեիք, որ պետական գաղնտիք է»,– ասաց դատավորը։ «Մենք պարտավոր չենք պատասխանել, հանդիպում եղել է, այդ ժամանակ տեղեկացրել ենք, որ կան սարքավորումներ, որոնք երկակի նշանակության են, այսինքն՝ եւ քաղաքացիական, եւ ռազմական, իրականացվում են փորձարկումներ, որոնք ռազմական բնույթի են, դրանք եւս չեն կարող բացահայտվել»,– ասաց Նաղդալյանը՝ հավելելով միայն, որ ՀՀ–ում սնդիկի ողջ պաշարները այդտեղ են պահվում։ 

Նաղդալայնը նաեւ չհամաձայնեց այն պնդմանը, թե գործող ջրանցքով հնարավոր չէ ոռոգման ջրի մատակարարում իրականացնել։ Ակնհայտ անհիմն որակելով ներկայացված միջնորդությունը՝ նա դատարանին խնդրեց այն մերժել։ 

Որպես ապացույց՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց լազերային 11 կրիչ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, թե շինաշխատանքները ինչպիսի ցնցումներ են առաջացնում կենտրոնում․ «Ցնցումները ուղղված չեն միայն սարքերի փչացմանը, օրերով իրականացվում են քիմիական սինթեզներ, փորձաքննություններ տարբեր մարմինների, ՊՈԱԿ–ի գիտահետազոտողների կողմից, ուսումնական գործընթաց է իրականացվում, շուրջ 300 ուսանողներ ուսումնառում են այնտեղ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումների հետեւանքով փորձաքննությունների տվյալները ճշգրիտ չեն ստացվում։

Ըստ Նաղդալյանի՝ աշխատողների կյանքը եւ առողջությունը եւս վտանգված է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը անհնար է դարձել, եւ անձինք հարկադրված պարապուրդի են մատնվում։ Արդյունքում, Կենտրոնի 131 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ՊՈԱԿ–ի տնօրեն Սահակ Գասպարյանին՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ այն հիմնավորմամբ, որ շինարարությունը խաթարում է իրենց բնականոն աշխատանքը, առաջացած աղմուկը եւ տատանումները բացասաբար են անդրադառնում աշխատակիցների մտավոր գործունեության վրա, ցնցումներից ապակիները դղդրում են, ապակյա տարաները եւ փորձանոթները՝ ցնցվում, իսկ լաբարատոր կշեռքները եւ սարքավորումները խախտվում ու խաթարվում են։

Դրանից բացի, ըստ Նաղդալյանի, վտնագված են ծառայությունների մատուցման, այդ թվում արտասահմանյան պատվիրատուների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, բազմաթիվ գիտական թեմաների իրականացման ժամկետները, իսկ շինաշխատանքների հետագա իրականացման դեպքում դրանք կդառնան անհնարին։ Նաղդալյանը դատարանին ներկայացրեց մի շարք պայմանագրեր եւ համագործակցության հուշագրեր տարբեր համալսարանների հետ։ 

Խոսելով արդեն իսկ կրած վնասների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վնասվել է իրենց մասնաշենքերից մեկին մատակարարող ջրի խողովակը, որոշ ժամանակով ջրամատակարարումը այդտեղ դադարեցվել է, հետագայում ժանգաջուր է եկել, իսկ խողովակը խամուտով ամրացվել է։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ղուլյանը ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել ամբողջովին փոխելու վնասված խողովակը, սակայն ՊՈԱԿ–ը չի համաձայնել։ 

Ըստ Նաղդալյանի՝ փոխվել է նաեւ այն կենդանիների վարքագիծը, որոնց վրա որոշակի փորձարկումներ են իրականացվում․ «Վնաս ենք դիտարկում նաեւ այն, որ գիտական թիմը օրեր շարունակ փորձարկում է իրականացնում, տվյալներ է ստանում, որ վերլուծի, սակայն հետո պիտի նույնը նորից իրականացնի, քանի որ շինաշխատանքների դեպքում դրանց դադարեցվում են»։

Փաստաբանը կարեւորեց այն հանգամանքը, որ փորված հատվածը հանդիսանում է անվտանգության եւ տարհանման մուտք ու ելք եւ տեխնածին աղետների կամ հրդեհաշիջման աշխատանքների համար մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ 2017–ին, օրինակ, 5-րդ մասնաշենքի նկուղում բավականին խոշոր հրդեհ է եղել, տարհանման աշխատանքներ են իրականացվել, տեխնիկա է մուտք գործել հենց այդ ճանապարհով։

Նաղդալյանն ընդգծեց նաեւ, որ շինարարական աշխատանքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո անգամ շարունակվել են, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Եզրափակելով իր ելույթը՝ փաստաբանը միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով, որպեսզի ավելի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։ 

Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել